Մեկնաբանելով Ջեյհուն Բայրամովի հայտարարությունները՝ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հաստատել է, որ Բաքուն մերժել է Երևանի առաջարկները և՛ սահմանազատման, և՛ հաղորդակցությունների վերաբերյալ
Մասնավորապես, Երևանն առաջարկել է մինչև սահմանազատումը զորքերը հայելային հետ քաշել։ Բաքուն, ըստ Վահան Հունանյանի, «մերժել է, չառաջարկելով իր տարբերակները»։
Բաքուն մերժել է նաև հաղորդակցությունները բացելու Հայաստանի առաջարկները։ Մասնավորապես, ի պատասխան Ալիեւի՝ «միջանցք» բացելու պահանջին, Հայաստանն առաջարկել է ճանապարհ բացել Նախիջեւանով։ Երեկ Երեւանում էին ՌԴ փոխվարչապետն ու «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենը, եւ Երեւանը, փաստորեն, Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Զանգիլան երկաթուղու կառուցման բոլոր իրավունքները փոխանցել է ռուսական կողմին։ Նման եզրակացության կարելի է հանգել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունից։
«Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են եւ հույս ունենք երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում», ասել է Վահան Հունանյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացած հանդիպման մասին, ասել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան երկաթուղի գործարկել։ «Ադրբեջանն ինքնիշխան միջանցք է ուզում, Հայաստանը պնդում է մաքսային հսկողություն միջազգային իրավական նորմերի համաձայն»,- ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության բացումը պետք է դիտարկել ընդհանուր առմամբ տարածաշրջանում ճանապարհների բացման համատեքստում։ «Մենք պետք է խոսենք նոր միջազգային տարանցիկ ճանապարհի մասին», ասել է Փաշինյանը։
Բայրամովի հայտարարությունները նշանակում են, որ Հայաստանի պայմանները չեն ընդունվում, և Բաքուն պնդում է միայն Մեղրիի միջանցքի բացում։
Եռակողմ հայտարարության և հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու փորձի վրա հիմնված «հետպատերազմյան կարգավորումների» առաջին փուլը կարելի է ավարտված համարել։ Միաժամանակ կարելի է վերջակետ դնել Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանի» առաջին գլխին։
lragir.am