Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին:

Անգնահատելի է պարոն Գրիգորյանի ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնք մեր հարուստ մշակութային ժառանգության կարևոր մասն են: Արթուր Գրիգորյանը Հայաստանի երգի պետական թատրոնում ունեցել է բեղմնավոր գործունեություն, որը էստրադային երգավերստին տվել է բազմաթիվ երիտասարդ կատարողներ, որոնք իրենց արժանի տեղն են զբաղեցնում մեր երգարվեստում:

Տաղանդների հայտնաբերման գործում պարոն Գրիգորյանի կազմակերպած «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերի դերակատարումը դժվար է գերագնահատել։

Արթուր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է, բայց նրա ազդեցությունն ու ներդրումը անշրջելի են հայկական էստրադայի զարգացման գործում:

Խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին ու կիսում նրանց վիշտը»:

Please enter a valid URL