Հայաստանում ուռուցքային հիվանդացության աճ է նկատվում, սակայն ավելի շատ հաշվի է առնվում այն գործոնը, որ դիմելության ցուցանիշներն են ավելացել, ընդլայնվել է մահճակալային ֆոնդը:
Այս մասին այսօր` Քաղցկեղի դեմ պայքարի մջազգային օրվա շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլգիական բաժանմունքի բժիշկ, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Վիկտոր Բադեյանը։
Նա նաև ընդգծց, որ ամբողջ աշխարհում էլ է նկատվում հիվանդացության աճ, տարեկան մոտ 18 մլն նոր դեպք է գրանցվում:
«Բուժառուները հիմա արագ են արձագանքում բժիշկների հորդորներին: Մի քանի տարի առաջ, երբ մարզերում հիվանդների էինք ընդունում ու ասում էինք պետք է բուժվել Երևանում, 30 հոգուց 3-4-ն էին դիմում բուժօգնության: Մնացածը ձգձգում էին բուժման ժամկետները։ 3-4 տարի առաջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահճակալային ֆոնդը 550 էր, սակայն այժմ հասնում է 800-ի»,- ասաց բժիշկը:
Բադեյանը նկատեց, որ այս ուղղությամբ բժշկական ծառայությունները հասանելի են դարձել բուժառուներին։ Չարորակ ուռուցք ունեցողների համար վիրահատական միջամտությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում է անվճար, քիմիաթերապիան էլ իրականացվում է համավճարի սկզբունքով: Մասնագետի պնդմամբ՝ սա շատ կարևոր առաջընթաց է, որ բուժառուն ոչ թե մտածի գումար հայթայթելու, այլ հենց բուժվելու մասին:
Նրա խոսքով՝ չարորակ ուռուցքների հիմնական տարիքային խումբը 50-60 տարեկանն է՝ կախված տեսակից: Հայաստանում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի, ստամոքսի, շագանակագեղձի քաղցկեղն է:
«Աշխարհում ընդհանուր միտումները գրեթե նույնն են, թեպետ, կան բացառություններ: Օրինակ` ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղն ավելի բարձր հիվանդացության մակարդակ ունի, քան թոքինը: Եգիպտոսում, օրինակ, առաջնային տեղ է զբաղեցնում միզապարկի քաղցկեղը»,- նշեց Վիկտոր Բադեյանը:
Մասնագետի խոսքով՝ շատ կարևոր են կանխարգելիչ միջոցառումները, սքրինինգային ծրագրերը, որոնք մարդկանց օգնում են ինչպես իրազեկելու, այնպես էլ անհրաժեշտ հետազոտություն անցկացնելու հարցերում: Բադեյանն ընդգծում է՝ բուժման արդյունավետությունը շատ բարձր է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում, այդ պատճառով խրախուսվում է պարբերաբար հետազոտվելը:
Բժիշկը նաև նկատում է, որ այժմ մարդիկ ավելի իրազեկված են ու գրեթե չեն լինում դեպքեր, երբ իրենց դիմելիս անձի մոտ լինի բացարձակ բարձիթողի վիճակ։
armeniasputnik.am