Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) հերթական սոցհարցման արդյունքները վկայում են ՀՀ իշխանության քաղաքականության հանդեպ վստահության եւ աջակցության անկումը։ Ընդ որում, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Փաշինյանի կառավարության հռչակած «խաղաղ դարաշրջանին»։
Ինչ է «խաղաղ դարաշրջանը»․ պատերազմի արդյունքների ընդունում եւ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի ճանաչում (սահմանազատում, հայ-թուրքական կարգավորում, կոմունիկացիաների բացում)` Արցախի, Նախիջեւանի, Կարսի եւ Արարատի շրջանի իրավական օտարմամբ եւ Հայաստանի ինքնիշխանության վերացմամբ։
Քպ-ական խմբակը պատեհ-անպատեհ հղում է անում ժողովրդից ստացած մանդատին։ Այս կապակցությամբ հակիրճ թվաբանություն․ Պաշտոնական տվյալով՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 1 միլիոն 281 հազար 174 քաղաքացի կամ 49,4 տոկոսը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 688 761 ձայն։
Լավագույն դեպքում նույնիսկ սա բավարար մանդատ չէ Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերը որոշելու համար։ Մյուս կողմում 2 միլիոնից ավելի քաղաքացիներ են։ Եվ դեռ հարց է՝ 688 հազարն էլ քվեարկել են Փաշինյանի հակահայ ծրագրի օգտի՞ն, թե նախկինների վերադարձը թույլ չտալու համար, կամ պատերազմի, գերիների եւ այլ սպառնալիքների ու շանտաժի ազդեցության տակ։
Ընտրություններից հետո Փաշինյանին առաջինը շնորհավորեց Պուտինը, հատուկ ընդգծելով, որ Փաշինյանը ստացել է ամենակարեւորը՝ ժողովրդի վստահությունը ցավոտ լուծումների գնալու համար։ Ժողովրդի, կամ պողպատի մանդատն իրականում Պուտին-Փաշինյան գործարքն է՝ իշխանություն Կրեմլի պլանների իրագործման դիմաց (գործարքի մաս են նաեւ խորհրդարան անցած դաշինքները՝ աշխատանքի համապատասխան բաժանմամբ)։
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Փաշինյանը կորցնում է ռուս-թուրքական հանցավոր համաձայնություններն օրինականացնելու «մանդատը»՝ ընտրազանգվածով հանդերձ։ Դրան հղում անելու հնարավորությունը կորցնում է նաեւ Պուտինը։
lragir.am