Որոշել եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դատի տալ: Բա ինչ, ուրեմն գա, 4 տարի նախագահ լինի երկրում, ես իրեն հարգեմ, պատվեմ, իր համար ոչինչ չխնայեմ, ինքը երկիրը վարի տա ու հանգիստ, ասես ոչինչ չի եղել, գնա՞: Ինքը դա ո՞նց է պատկերացնում: Եվրոպաներում ապրած մարդը չգիտի՞, թե ինչ է տեղի ունենում, երբ նույնիսկ հասարակ պաշտոնյան է արանքը ճղում:
Այս դեպքում խոսքը նույնիսկ հասարակ պաշտոնյաների մասին չէ, որոնք պետությունից մի թուլափայ են փախցնում ու կորչում տեսադաշտից: Ինքը պետության գլուխն էր, մեր Սահմանադրության երաշխավորը, այն եզակի դեմքը, որ կարող էր վետո դնել սանձարձակ կառավարության էշությունների վրա: Բայց ի՞նչ արեց Արմեն Սարգսյանը: Իբր թե ամեն ջանք թափել է, որ երկիրը երկիր դարձնի, բայց չի կարողացել: Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք: Չէիր կարողանում, եղբայր, ավելի շուտ բողոքեիր, գոնե մի ձայն հանեիր, որ հասկանայինք՝ տեղդ նեղ է: Գնացել, Անգլիայից բողոքի նամակ ես գրել, որ ի՞նչ անես, պատասխանատվությունից ազատվե՞ս: Չի ստացվելու: Դատի եմ տալու եւ միանգամից՝ Եվրադատարան: Հայաստանում դատարան չկա, որովհետեւ նույն Արմեն Սարգսյանն իր լուռ համաձայնությամբ Նիկոլի հետ քանդել է ամեն ինչ՝ առաջին ատյանից մինչեւ ՍԴ: Ու դեռ հարց է՝ Արմեն Սարգսյա՞նն է այդ գործում առաջամարտիկը, թե՞ Նիկոլը, որ կախվել էր դատարանների լուսամուտներից:
Ինձ հարցնում են՝ ումի՞ց ես բողոքում, ձեր Սերժ Սարգսյանն է նրան բերել: Բան չասի, Սերժը որ չուզենար, Արմեն Սարգսյանը գուցե Հայաստան ոտք էլ չդներ: Ժամանակին, երբ պատրաստվում էինք ՀՀ նոր Սահմանադրություն ընդունել, իսկ Սերժ Սարգսյանը հավատացնում էր, որ ոչ մի բարձր պաշտոնի չի հավակնելու, ասուլիսներից մեկի ժամանակ Ազատիչը հայտարարեց, որ իր մտքում 5-6 մարդու անուն կա, որոնք կարող են լավ նախագահ լինել: Այն ժամանակ չնշեց այդ մարդկանց անունները, որպեսզի նրանք մամուլի թիրախ չդառնան: Կարծում են՝ այդ 5-6-ի մեջ եղել է նաեւ Արմեն Սարգսյանի անունը, որի վրա էլ ի վերջո կանգ է առել ընտրությունը: Ես հարց ունեմ Սերժ Սարգսյանին՝ պարոն նախագահ, ստացվում է, որ Դուք այդ 5-6 մարդու մեջ գնացիք ու Արմեն Սարգսյանի ճակատը պաչեցիք, այո՞: Այդ դեպքում ինչո՞ւ եք մեզ՝ հասարակ մահկանացուներիս մեղադրում՝ նախրի մեջ Նիկոլի ճակատը պաչելու հարցում:
Ինչեւէ, որոշել եմ… Արմեն Սարգսյանին դատի եմ տալու: Խնդրանքս է՝ բավական է ձեր ցուցամատերը պտտեք քունքի մոտ: Ես ո՛չ խելքս եմ թռցրել, ո՛չ էլ անցավ գլուխ ունեմ՝ լրացուցիչ ցավի տակ դնելու: Դատի եմ տալու հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի: Իսկ դա սուրբ գործ է: Ո՞նց թե, գա 4 տարի առոք-փառոք վայելի ՀՀ նախագահի բարձր պաշտոնը, երկիրը քանդի ու թռնի՞: Ո՞ր մեկիդ խղճին կնստի այս խաբեությունը, ո՞ր մեկդ կտանեք այս հարվածը: Անձամբ ես չեմ կարող:
Դուք ի՞նչ եք տեսել Արմեն Սարգսյանից: Տուրիստ էր, Հայաստանում քիչ էր լինում, Նիկոլի հպատակն էր, «անգլիական թագուհի» էր, ձեռը ճար չկար… Մոռացեք այդ ամենը: Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահն էր 4 տարի եւ այդ 4 տարում առնվազն 4 անգամ կարող էր բռնապետիկ Նիկոլին հեռացնել իշխանությունից: Փոխարենը նա ամեն ինչ արեց, որ քաղպոռնոգրաֆիայի առաջնորդն ու ոգեշնչողը մնա վարչապետի պաշտոնում: Ինչո՞ւ: Այ, այս հարցի պատասխանը ես չունեմ, եւ շատ կուզենայի դա լսել Եվրադատարանում՝ Արմեն Սարգսյանի շուրթերից: Նա կարո՞ղ է արդարացնել հետպատերազմյան օրերի իր պահվածքը, երբ զույգ կաթողիկոսները, ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, արտախորհրդարանական ուժերը, փողոցում կանգնած ժողովուրդը եւ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը պահանջում էին կապիտուլյանտի եւ նրա կառավարության հրաժարականը, ի դեպ՝ ինքն էլ էր պահանջում, բայց ինչ-որ բան հանկարծ փոխվեց: Ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ Փաշինյանին իշխանությունից ռադ անելու փոխարեն գնացինք ընտրությունների: Թե բա՝ սահմանադրական կարգ, օրենք-մօրենք… լուրջ ե՞ք ասում:
Այդ ընտրություններն Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը չսարքեցի՞ն մեր գլխին: Խեղճ ընդդիմություն, մտածում էր, որ ժողովուրդը ձայն չի տա Ալիեւի առաջ ծնկի եկած Նիկոլին: Ո՞վ կմտածեր, որ «ընտրակեղծիքների էջը փակած» կապիտուլյանտ Նիկոլը 680 հազար քվե կստանա ընտրություններով: Ինչ է, Մուկուչյանը մեռե՞լ էր: Ես չեմ հավատում 2021թ. հունիսի 20-ի ընտրությունների արդյունքին: Հայաստանում չկար ու չէր կարող գտնվել 680 հազար մարդ, որ ձայն տար պարտվածների ոհմակին, որը եթե չմնար իշխանության, ապա կանգնելու էր դատարանի առաջ, հայտնվելու էր բանտում:
Իսկ հիմա՝ նախրի մեջ Նիկոլի ճակատը պաչելու մասին: Արմեն Սարգսյանի հրաժարականի հետ կապված կա 2 կարծիք: Առաջինը, որ Նիկոլն է նրան հեռացրել աշխատանքից, երկրորդ, որ Արմեն Սարգսյանը դավաճանել է Նիկոլին՝ հասկանալով նրա կառավարման անհեռանկարայնությունը: Բայց ես իմ տարբերակն ունեմ: Իմ համեստ կարծիքով՝ թավշյա, ոչ բռնի, այսպես կոչված՝ փափուկ հեղափոխության տեխնոլոգիաները Հայաստան մտան լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի հետ: Հուսամ՝ Սերժ Սարգսյանը չգիտեր այդ մասին: Եվ պատահական չէր, որ այդ հեղափոխությունն այդպես էլ կոչվեց՝ թավշյա, այսինքն՝ փափուկ, այլ խոսքով՝ փափլիկ… Ամեն ինչ հրաշալի արեց Արմեն Սարգսյանը, բայց վերջում չկարողացավ թավշյա հեղափոխության սանձերն իր ձեռքում պահել, որովհետեւ Նիկոլի հետ էր գործ բռնել: Նիկոլը գերազանց կազմակերպված հեղափոխությունը շատ արագ վերածեց էշի հարսանիքի:
Պատերազմից հետո Նիկոլը հեռացվեր՝ կբացվեր Արմեն Սարգսյանի գաղտնիքը, Արմեն Սարգսյանը հեռանար պատերազմից անմիջապես հետո՝ կբացվեր Նիկոլի գաղտնիքը: Եվ ահա, իրերի այս դասավորվածության պատճառով նրանք պահպանեցին մեկմեկու՝ «դու՝ ինձ, ես՝ քեզ» տրամաբանության մեջ: Բայց այդպես չէին մտածում Լոնդոնում, որտեղից Հայաստան էին գործուղել Արմեն Սարգսյանին: Նա իր գործը կատարել էր հրաշալի, եւ կարիք չկար այլեւս, որ մնար Հայաստանում ու ռիսկի ենթարկեր իր «թավշյա լեգենդը»:
Արմեն Սարգսյանը, հասկանալի է, կպահանջի, որ Եվրադատարանը, որպես վկա, հարցաքննի նաեւ իր հանցակցին՝ Նիկոլ Փաշինյանին, այն հույսով, որ վերջինս կկարողանա «ֆռռացնել» եվրադատավորներին ու իրեն չոր դուրս բերել այդ գործից: Միանգամից ասեմ, որ Արմեն Սարգսյանին դա չի հաջողվի: Բանն այն է, որ դատարանում կլինեմ նաեւ ես եւ Նիկոլին մի շատ պարզ հարց կտամ՝ ո՛վ Հայաստանից ժամանած կասկածելի վկա, կարո՞ղ ես, արդյոք, այս բարձր դատարանին համոզել, որ դու կդառնայիր Հայաստանի վարչապետ, եթե հանձն չառնեիր Արցախը կործանելու, Հայաստանի Հանրապետությունից առանձին կարեւորագույն բարձունքներ ու գյուղեր Ադրբեջանին զիջելու եւ դրանով «Բրիթիշ փեթրոլիումի» միլիարդների հասնող ներդրումների անվտանգությունն ապահովելու գործը: Իսկ հիմա, պարոն վկա, բարի եղիր բացատրել, թե ինչու Արմեն Սարգսյանը հիմա հրաժարական տվեց, մի՞թե «Բրիթիշ փեթրոլիումի» ներդրումներն այլեւս ապահով ձեռքերում են, ու մնացել է մի քանի տեխնիկական հարց, օրինակ՝ Տավուշի 4-5 գյուղ Ադրբեջանին հանձնելը, որ հանկարծ հասանելիություն չլինի թագավորական խողովակաշարերին: Նիկոլը, բնականաբար, լիքը բան կմոգոնի՝ ես մեղավոր չեմ, ես պատասխանատու եմ, ես մոդերատոր եմ… հենց այդտեղ ես նրան կընդհատեմ՝ ես քո կլասիկ մոդերատոր ջանին մեռնեմ, դե հիմա բուն մեղավորի եւ քեզ խաղացնողի անունը տուր:
Բայց սպասեք… Հարգելի դատավորներ, ինչո՞ւ եք աչքով-ունքով անում Նիկոլին, չեք թողնում խոսի, անուններ տա: Մի՞թե ձեզ հետաքրքիր չէ, թե ինչպես մի խեղճ ընդդիմադիր գործիչ, որ 2017-ին հով լռվել էր ԱԺ-ում, հանկարծ վեր կացավ ու հեղափոխություն արեց Հայաստանում: Ինչ է նշանակում «հով լռվե՞լ»: Բացատրեմ՝ այն ժամանակ նշանակում էր ընդունել ընտրությունների արդյունքները, անհատական շփումներում համբուրել երկրի բարձրագույն իշխանության ձեռքը, բայցեւ ամբիոնից այնպես քննադատել, որ կողքից հիանային:
Էդիկ Անդրեասյան