Պետք է հանգիստ թողնել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իրավական պետություն ու զբաղվել այն մասնագիտությամբ, ինչն իրենց հաճույք է պատճառում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, որը Երեւանի Աջափնյակի նստավայր էր եկել թմբուկով։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվում է Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Այս պահին դատարանի բակում են հավաքվել մի շարք իրավաբաններ եւ հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում Բորիս Բախշիյանին։
«Մենք Հայաստանում գտնվում ենք մի իրավիճակում, տեսնում ենք, որ մարդիկ իրենց այսպես ասած՝ բնական հոգու ճիչը թողած, զբաղված են Հայաստանում իբր թե արդարադատություն իրականացնելով։ Ես այս թմբուկը բերել եմ այստեղ մարդկանց հիշեցնելու համար իրենց բնատուր մասնագիտացումը, հանգիստ թողնեն իրավական համակարգը ու գան, զբաղվեն այն գործով, ինչն իրենց համար հոգեհարազատ է։ Դատավոր դառնալու համար անձը պետք է որոշակի չափանիշների համապատասխանի, այդ թվում՝ քաղաքական զսպվածություն դրսեւորի։ Այն մարդը, որը դատավորի հաստիքում հայտնվել է միայն այն պատճառով, որ մասնակցել է քաղաքական ակցիաների, այդ գործողությունների ժամանակ թմբուկին հրահանգով շատ լավ հարվածել է, իրավունք չունի արդարադատություն իրականացնել: Իրենց թվում է՝ մի օր թմբուկին են հարվածում չագուչով, մի օր էլ կարող են մարդկանց ճակատագրերի հետ խախալ»,- ասաց փաստաբանը։
Հարցին՝ արդյոք փաստաբանական համայնքը համոզվե՞լ է, որ Դավիթ Արղամանյանն արդարադատություն չի իրականացնելու, Պողոսյանը պատասխանեց. «Մամուլում շատ էին հրապարակումները Դավիթ Արղամանյանի իրականացրած արդարադատության որակի հետ կապված։ 2020 թվականից հետո իշխանությունները որոշեցին, որ իրենց համար խնդիր է քրեական գործերով կալանովորումներ չստանալը։ Հատուկ կալանքի դատավորներ ունենալու համար ստեղծվեց դատարանները։ Այս դատավորները մի շարք այլ ցածր ռեյտինգ ունեցող դատավորների ազգականներ են, որոնք մեջ է նաեւ Դավիթ Արղամանյանը»։
Միհրան Պողոսյանը հայտնեց նաեւ, որ իր պաշտպանյալին, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, ուղարկել է կալանքի. «Այս ժամանակի հետեւում ամեն անձի ճակատագիր կա։ Այս դատավորները եթե մինչեւ նշանակվելը մի շաբաթ գտնվեն ՔԿՀ-ներում, կհասկանան՝ ինչ է նշանակում անձին կալանավորելը»։
Նշենք, որ Դավիթ Արղամանյանը նոր ձեւավորված՝ մինչդատական վարույթի գործեր քննող դատարանի դատավոր է նշանակվել մի քանի ամիս առաջ։ Արղամանյանը 2018 թվականի «հեղափոխության» օրերին հայտնի դարձավ որպես թմբկահար։ Մեկ տարի անց նա նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի օգնական, այնուհետեւ՝ դատավոր։ Նախկինում Դավիթ Արղամանյանը ֆեյսբուքյան հարթակում պարբերաբար հանդես էր գալիս քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: Նա «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն էր, ինչպես նաեւ ակտիվ «իմքայլական»։ Նա Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է։ Մհեր Արղամանյանը դատական համակարգում է 1996 թվականից: Հանրային հնչեղություն ունեցող գործեր քննող Արղամանյանը նույնպես քննադատվում է, ինչպես մի շարք փաստաբաններ են ասում՝ իշխանահաճո որոշումներով։