Ցանկանում եմ, որպեսզի հանրությունը իմանա, որ ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում սկսած քննիչի, դատախազի, նաեւ դատավորի աշխատանքում մշտապես առաջնորդվել եմ իմ սեփական սկզբունքներով. դրանք հետեւյալն են՝ օրենքի եւ խղճի առաջ իմ պատասխանատվությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանը։
Նշենք, որ քիչ անց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվելու է Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
«Ես կարծում եմ, որ այս գործընթացները, որոնք իմ նկատմամբ այժմ իրականացվում, սրանք միմիայն ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»,- նշեց Բախշիյանը։
Հարցին՝ արդյոք այս գործընթացը քաղաքական հետապնդո՞ւմ է, Բախշիյանն ասաց. «Ես իմ գործունեության ողջ ընթացքում իրականացրել եմ իմ գործառույթներն օրենքին համապատասխան՝ իմ ընկալմամբ, իմ խղճին եւ համոզմունքին համապատասխան»։
Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։