Search
Close this search box.

Հայաստանը սահմանազատման հարցում որևէ պայման դնելու իրավունք չունի.Բայրամովը նշել է Երևանի առաջարկներից հրաժարվելու պատճառը

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը նշել է Բաքվի՝ Երևանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ առաջարկներից հրաժարվելու պատճառը:Minval. az-ի հաղորդմամբ՝ այս մասին նա խոսել է Բաքվում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում:

Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը չի տեսնում կայուն, հետևողական մոտեցում՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացով զբաղվող երկկողմ հանձնաժողով ստեղծելու համար:

Նրա խոսքով՝ երկու շաբաթ առաջ հայկական կողմն իր առաջարկներն ուղարկել է Ռուսաստանի միջոցով.

«Առաջարկվել են որոշակի նախապայմաններ։ Ադրբեջանական կողմն իր դիրքորոշումը հայտնել է հնարավորինս արագ: Հայտարարվել է, որ մենք կարող ենք սկսել այս գործընթացը առանց որևէ նախապայմանի։ Այս գործընթացը հիմնված է փորձի վրա, այն սկսելու համար ոչինչ «հորինել» պետք չէ։ Հանձնաժողովը պետք է սկսի իր աշխատանքը»,-ասել է Բայրամովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ «Հայաստանը սահմանազատման հարցում որևէ պայման դնելու իրավունք չունի»:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին:

Please enter a valid URL