ՀՀ–ն այժմ ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում է այն միջոցները, որոնք սահմանագծին անվտանգության ու կայունության մեխանիզմներ կստեղծեն։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հետաքրքրված և շահագրգռված ենք սահմանազատման գործընթացով։ ՀՀ վարչապետը, ՌԴ նախագահը և Ադրբեջանի նախագահը Սոչիում պայմանավորվել և հայտարարել են, որ քայլեր կձեռնարկվեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի ուղղությամբ։ Նրանք ասել են` գործը կհանգեցնեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը։ Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս սկզբունքին»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` սահմանազատման հետ կապված հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը բացասական է արձագանքել, սակայն դա շարունակական պրոցես է։ Միրզոյանը նշեց, որ եղել են առաջարկներ, որ մեզ համար են անընդունելի եղել։
Նա հավելեց, որ սահմանազատման վերաբերյալ տարբեր առաջարկներ են ներկայացրել, և հիմա սովորական բանակցային գործընթաց է գնում` քննարկվում են դրանք։