ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի երեկվա աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել է Երասխ– Ջուլֆա–Օրդուբադ– Մեղրի–Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքների հարցը։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ սա կարող է համարվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման աշխատանքների առաջին գործնական արդյունքը։
«Մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, դրանց անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք, և երկաթուղին պետք է գործի ՀՀ տարածքում` ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում` Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում, և երեկվա այցը, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Հայաստանի վարչապետը հաստատել էր, որ Սոչիում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ) և Բրյուսելում (Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ) Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ ձեռք է բերվել և հաստատվել է այդ երկաթուղու կառուցման մասին պայմանավորվածությունը (որը գոյություն է ունեցել դեռևս խորհրդային տարիներին — խմբ.):
Այդ կապակցությամբ Փաշինյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ սկսել ճանապարհի հայկական հատվածներում շինարարության համար։