Search
Close this search box.

Covid 19-ով պայմանավորված կարանտինի ժամկետները կրճատվել են. պարզաբանում է ԱՆ-ն

Առողջապահության նախարարությունը հայտարարել է Covid 19-ով պայմանավորված սահմանված կարանտինի ժամկետները կրճատելու մասին: Եթե նախկինում կարանտինի համար սահմանվել էր 14 օր, ապա ներկայումս՝ 7-օրյա ժամկետ է սահմանվել պատվաստված քաղաքացիների, 10-օրյա ժամկետ՝ չպատվաստված քաղաքացիների համար:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱՆ-ի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, թե ժամկետների կրճատումները կապված են միջազգային մոտեցմամբ եւ COVID-ի «Օմիկրոն» շտամի փոփոխությամբ, այս նոր շտամի դեպքում հիվանդությունն ավելի արագ է զարգանում եւ ապաքինումն ավելի արագ է տեղի ունենում, քան «Դելտա» շտամի դեպքում: Թեեւ, ըստ նրա, թեստավորմամբ շտամը չի որոշվում, այլ միայն պարզվում է օրգանիզմում տվյալ վիրուսի առկայությունը:

«Շտամը որոշվում է սեգմենտավորման արդյունքում, սա բավականին թանկ հաճույք է,այն հիմնականում արվում է նրա համար, որպեսզի պետությունը հասկանա՝ արդյո՞ք իր երկրում այդ շտամը շրջանառվում է: Այսինքն՝ ինքնանպատակ կլինի, որ ամեն թեստավորման ժամանակ սեգմենտավորում արվի, մենք արդեն գիտենք, որ մեր երկրում այս շտամը կա, մենք փաստի հիման վրա ենք արձանագրում, որ «Օմիկրոն» շտամն է Հայաստանում: Այնպես չէ, որ «Դելտան» չի շրջանառվում, բայց գերակշռող մասն «Օմիկրոնն» է, կայծակնային արագությամբ վարակելիությունը տարածման միտում ունի, ինչն էլ հիմա մեր երկրում արձանագրվում է»:

Այն հարցին, որ եթե Հայաստանում շրջանառվում է, թե «Դելտան», թե «Օմիկրոնը», բայց թեստը թույլ չի տալիս պարզել շտամի տեսակը, հետեւաբար խնդիր չէ՞ արդյոք ժամկետների կրճատումը, քանզի հնարավոր է, որ անձի մոտ «Դելտա» շտամի վիրուսն է, սակայն նրա վրա տարածվում է «Օմիկրոնի» համար նախատեսված կարանտինի ժամկետը՝ Ան մամուլի քարտուղարը պատասխանեց, թե այդ ժամկետները խնդիր չեն, քանի որ հիմնական շրջանառվող շտամն Օմիկրոնն է. «Համաշխարհային վիճակագրությամբ էլ երեւում է, որ Քովիդի «Օմիկրոն» շտամը ճնշում է «Դելտային»:

«Դելտայի» դեպքում հիվանդությունը շատ բարդ ընթացք էր ունենում, հոսպիտալացումների կարիք էր լինում, այս դեպքում էլ, երբ եթե մարդը չի ապաքինվում, հոսպիտալացվում է, բարդության դեպքում, արդեն իրեն պատշաճ օգնություն է ցուցաբերվում: Կարանտինից դուրս գալու ժամկետը 2-րդական, 3-րդական է, քանի որ մենք արդեն գործ ունենք հոսպիտալացված քաղաքացուն ապաքինելու հետ»,- ասում է Հռիփսիմե Խաչատրյանը:

Please enter a valid URL