Search
Close this search box.

Արգելված զինատեսակների կիրառման հարցով ՀՀ կառավարությունը կարող է դիմել ՄԱԿ-ին

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում չթույլատրված ֆոսֆորային զինատեսակների կիրառումը խախտել են միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները։ Այս հիմքով հնարավորություններ կան, որ միջազգային որոշակի մեխանիզմներ գործարկվեն, և Հայաստանի կառավարության կողմից պետք է քայլեր ձեռնարկվեն։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» փորձագետ, փաստաբան Դավիթ Գյուրջյանը՝ մանրամասնելով, թե միջազգային իրավունքի դաշտում ինչ հնարավորություններ կան։ Մասնագետները փաստահավաք աշխատանքի արդյունքում առաջարկություններ են ներկայացրել թե Հայաստանի կառավարությանը, թե միջազգային կառույցներին։ Թե որքանով են այս առաջարկներն ընդունվել, դեռ պարզ չէ, ամեն դեպքում, ըստ Գյուրջյանի, կառավարությունից դեռ արձագանքներ չկան։

«Մեր առաջարկությունները և կառավարությանն են ուղղված, և միջազգային կառույցներին, հատկապես ՄԱԿ-ին և նրա հանձնաժողներին։ Մենք Հայաստանի կառավարությանն առաջարկել ենք, որ մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների միջոցով ապահովեն զոհերի իրավունքների վերականգնումը, ինչպես նաև որպես պետության ֆունկցիա՝ իրականացնեն արդյունավետ և անաչառ հետաքննություններ մեր զեկույցում նկարագրված խախտումների վերաբերյալ»,- հավելեց փորձագետը։

Նշենք, որ դեռևս նախորդ տարեվերջին փորձագետները հրապարակել էին «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը։ Դրանում, ի թիվս 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տրված այլ խախտումների, անդրադարձ կա նաև արգելված՝ ֆոսֆորային զինատեսակների կիրառման հարցին։ Դրա հետևանքով և մարդկային, և շրջակա միջավայրի կորուստներ ու վնասներ են եղել։ Դավիթ Գյուրջյանի խոսքով՝ առաջարկվել է, որ Հայաստանի իշխանությունները քրեական հետապնդում իրականացնեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Ժնևյան կոնվենցիաների ու միջազգային հումանիտար իրավունքի այս խախտումների համար։

«Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, ՄԱԿ-ին ուղղված մեր առաջարկությունն այն է, որ Միջազգային քրեական դատարանին, դատախազին կարող են փոխանցել Արցախի բնակչության նկատմամբ իրականացված ագրեսիայի հարցը՝ այս հանցագործությունների տեսանկյունից։ Դա հնարավոր է անել Անվտանգության խորհրդի կողմից քրեական դատարան դիմելու պարագայում, որովհետև ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանն այս ինստիտուտի իրավազորությունը չեն ճանաչել։ Սակայն Անվտանգության խորհուրդը կարող է դիմել քրեական դատարան, և հետապնդում կհարուցվի համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր տվել են համապատասխան հրամաններ։ Նաև առաջարկություն ունենք Մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին, նրան առաջարկվել է Ադրբեջանի հետ կապ հաստատել շրջակա միջավայրին հասցրած անհարկի վնասների հարցով։ Մեր առաջարկներից մեկն էլ վերաբերում է ընդհանրապես առանցքային դերակատար միջազգային կառավարություններին ու դոնորներին։ Միջազգային հումանիտար իրավունքի և ռազմական հանցագործությունների համընդհանուր իրավասություն գոյություն ունի, և առաջարկել ենք ձեռնարկել միջոցներ՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ պատերազմական այս հանցագործությունների հետ կապված անձանց նկատմամբ հետաքննություն և քրեական հետապնդում իրականացնելու ուղղությամբ։ Այսինքն՝ սա համընդհանուր իրավասության հարց է»,- ասաց Դավիթ Գյուրջյանը։

Ըստ փորձագետի՝ թե ինչ խախտումներ են տեղի ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ, այս հարցը մի փոքր նուրբ է։ «Խոսքը չի գնում բացարձակապես արգելված զինատեսակների մասին։ Այսինքն՝ հրկիզող զինամեթերքն ընդհանուր առմամբ արգելված չէ, այլ դրա կիրաման մեթոդիկա կա։ Այսինքն՝ այն չի կարող կիրառվել բնակչության, շրջակա միջավայրի դեմ, որպեսզի անահամաչափ վնաս չպատճառի շրջակա միջավայրին ու խաղաղ բնակչության իրավունքներին։ Եվ տարբերակված պետք է կիրառվի։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ զենքը տարբերակված մոտեցմամբ չի կիրառվել Արցախում, ինչի հետևանքով տուժել է խաղաղ բնակչությունը, և շրջակա միջավայրը մեծ վնաս է կրել։ Մեր ուսումնասիրությունները հիմնված են ինչպես մարդկանց վկայությունների վրա, այնպես էլ համեմատական վերլուծություն է կատարվել նման զինատեսակների կիրառման միջազգային փորձառության հետ։ Միջազգային փորձագետների հետ համատեղ հետազոտություն է իրականացվել, եկել ենք այն համոզման, որ մեծ հավանականությամբ կիրառված զինատեսակները եղել են ֆոսֆորային և մագնեզիումի հիմքով զինատեսակներ»,- ասաց նա։

7STOPPED
Դավիթ Գյուրջյանի խոսքով՝ կան հստակ մեխանիզմներ, և ցանկության ու կամքի դեպքում միջազգային կառույցները կարող են կոնկրետ անձանց միջազգային քրեական արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկել։ «Պարզապես Հայաստանի կառավարությունը պետք է հետամուտ լինի։ Առաջին հերթին մեր պետությունը պետք է աշխատանք տանի, որովհետև հասարակական կառույցների ձեռքին պաշտոնական լծակներ չկան։ Եվ շատ ժամանակ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը կամ հասարակական կառույցները միջազգային հարթակներում այս կամ այն հարցը բարձրացնում են, արձագանք է լինում, որ՝ լավ կլինի առաջին հերթին պետական կառույցներն ակտիվություն ցուցաբերեն և փորձեն գործարկել այդ մեխանիզմները։ Սա խոսում է այն մասին, որ պետական մեքենան այս առումով թերություններ ունի»,- հավելեց փորձագետը։

Please enter a valid URL