ԱՄՆ Պետդեպարտամենտը կարգադրել է Բելառուսից հեռացնել իր դիվանագետների ընտանիքներին՝ Ուկրաինայի շուրջ լարվածության հնարավոր աճի պատճառով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Պետդեպարտամենտը 2022 թվականի հունվարի 31-ին հրաման է արձակել պետական աշխատողների ընտանիքի անդամներին հեռանալ Բելառուսից»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ը տարածաշրջանում ստեղծված իրավիճակը անվանել է «անկանխատեսելի» և ամերիկացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Բելառուս մեկնելուց։
Ավելի վաղ՝ հունվարի 24-ին, Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Գերմանիան ծանուցել են Կիևին որոշ դիվանագետների և ընտանիքի անդամների հեռանալու մասին։ Ավելի ուշ Կանադան հայտարարեց իր դիվանագետների տարհանման մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դիվանագետների հեռանալը երկրից սխալ է համարում։ Նա նշել է, որ Ուկրաինան «Տիտանիկ» չէ, որ լքեն այն։ «Ես իրավունք չունեմ ասելու, որ դա հարգարժան պետությունների կառավարությունների սխալն է։ Կարծում եմ՝ սա սխալ է մեզ համար, Ուկրաինայի համար»,- ասել է նախագահը։