Փետրվարի 1-ին ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը պարգևատրման հանդիսավոր արարողություն է իրականացրել՝ նվիրված հայոց բանակի ստեղծման 30-ամյակին ու Հայրենյաց պաշտպանի օրվան:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից:
Ողջույնի իր խոսքում դիմելով խրախուսվող անձնակազմին ու պարգևատրմանը նվիրված միջոցառման մասնակիցներին , ՊԲ հրամանատարը ներկայացրել է հայկական պետականության համար կարևորագույն նշանակություն ունեցող բանակի անցած ճանապարհը, արժևորել հայրենիքի պաշտպանի կոչումը նաև այսօր բարձր պահող զինվորականներին և փաստել, որ մեր անվտանգության ու վաղվա օրվա նկատմամբ ունեցած հավատի հիմքերը ամուր կարող են լինել միայն բոլորիս հետևողական ու նվիրված ծառայության շնորհիվ:
Բանակի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ , գնդապետ Նորայր Մկրտչյանը անդրադարձել է ՊԲ-ի ստեղծման պատմությանն ու մարտական անցյալին՝ ամբողջացնելով նաև այն առաքելության նշանակությունը, որը դրված է այսօր Արցախի պաշտպանական համակարգի առջև:
Այնուհետև հրապարակվել են ԱՀ նախագահի, պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հրամանները, որոնց համաձայն պարգևներ են հանձնվել Արցախի հանրապետության անվտանգության ապահովման գործում աչքի ընկած և այսօր էլ իրենց ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարող մի շարք զինծառայողների:
Պարգևատրման արարողությանը հաջորդել է գեներալ- լեյտենանտ Կամո Վարդանյանի շնորհավորանքի խոսքը, որից հետո ներկաների համար ցուցադրվել է «Երբ հողը դառնում է հայրենիք» վերտառությամբ հեռուստաֆիլմը: