Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ զրուցել է Lragir.am-ը:
Պարոն Թունյան, 2021 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5․8 տոկոս, բայց կառավարությունը ճշգրտված ցուցանիշների հիման վրա ավելի մեծ աճ էր ակնկալում։ Ինչպե՞ս եք գնահատում տնտեսությունում առկա իրավիճակը։
Եթե նայում ենք, թե ինչ էր ակնկալվում, մենք 2021 թվականի բյուջեով ավելի ցածր աճ էինք կանխատեսել՝ մոտ 3 տոկոսանոց։ Հետո տարվա ընթացքում ճշգրտվեց կանխատեսումը՝ թիրախ սահմանվեց 6․5 տոկոսը։ Հիմա 5․8 տոկոսը տնտեսական ակտիվության ցուցանիշն է, տնտեսական աճինը չէ։ Ենթադրվում է, որ նույն շրջակայքում էլ տնտեսական աճը կլինի։ Կարելի է ասել, որ սա ճշգրտված կանխատեսմանը մոտ ցուցանիշ է, ինչը նորմալ է՝ ոչ լավ է, ոչ վատ։ Եվ եթե գյուղատնտեսության ոլորտի անկումը չլիներ, կարող է 1-2 տոկոսային կետով ավելի բարձր ցուցանիշ ունենայինք։
Մենք կարող ենք ասել, որ տնտեսությունում ճգնաժամից հետո վերականգնման գործընթաց է։ Չենք կարող ասել, որ ամբողջությամբ վերականգնվել ենք, որովհետև անկման տեմպն ավելի բարձր էր, քան այս աճը։ Բայց հաջորդ տարի արդեն կկարողանանք լիարժեք անցնել վերականգնմանն ու արդեն նախաճգնաժամային իրավիճակը գերազանցելուն։
Բյուջեով գնաճի համար թիրախ է սահմանված 4+-1․5 տոկոսը, բայց 2021-ին պաշտոնական թվերով սպառողական գների ինդեքսը կազմել է 7.2 տոկոս։ Այսինքն՝ էական շեղում կա, դա ինչպե՞ս պետք է մեղմել։
Ճիշտ եք ասում, մեզ մոտ գնաճը թիրախավորվում է 2․5-5 տոկոսի սահմաններում։ Իհարկե, շուկայական տնտեսության մեջ հնարավոր չէ այդ գնաճային միջավայրը շատ ճշգրիտ վերահսկել։ Եվ եթե հատկապես ներմուծված ապրանքների մասով մենք ունենք ապրանքների գների աճ, ապա Հայաստանի դեպքում դա իր ազդեցությունն ունենալու է։ Ու նաև այստեղ որոշակի սահմանափակումներ կան, որովհետև եթե Կենտրոնական բանկը գնաճը զսպելու համար չափից դուրս խիստ գործիքներ կիրառի, դա կազդի վարկերի թանկացման ու բիզնեսի վարկավորման ծավալների վրա։ Ուզում եմ նշել, որ այդ թիրախավորումը՝ 4+-1․5 տոկոս, ոչ թե սովորաբար մեկ տարվա համար է արվում, այլ երեք տարվա կտրվածքով։ Մի տարի կարող ենք ունենալ դրանից ավելի գնաճ, մյուսը՝ տարի դրանից ցածր կամ անգամ գնանկում։ Հիմա Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ այդ նախատեսված միջակայքում գնաճը կվերադառնա իր նորմալ ու բնականոն հունին։ Ես հասկանում եմ, որ մարդիկ, ովքեր ծառայություններ ու ապրանքներ են գնում, նրանց հոգսը դրանից չի թեթևանում, բայց պետք է նաև հասկանալ, որ սա օբյեկտիվ պատճառներով պայմանավորված գնաճ է։
Ընդդիմադիր պատգամավորներն արդեն դիտարկումներ են անում, որ 2021 թվականի տնտեսական ցուցանիշները փաստացի ցույց են տալիս՝ երկրում աղքատացման գործընթաց է տեղի ունենում։ Դա նաև տեսանելի է առօրյա կյանքում։
Այո, այս իրավիճակում մենք էլ են փաստում, որ եթե գներն աճում են, իսկ մարդկանց եկամուտները չեն աճում, բնականաբար, դա նպաստում է աղքատության աճին։ Բայց լուծումները որո՞նք են։ Մեր կարծիքով՝ լուծումը հավասարակշռված, տնտեսական աճի արդյունքում եկամուտներն ավելացնելու ճանապարհով աղքատացման գործընթացը մեղմելն ու վերջնական կանխելն է։ Եթե մեր ընդդիմադիր գործընկերները նկատի ունեն, որ այսօր պետք է միանգամից թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնեն, ապա մենք բաց ենք քննարկումների համար, բայց պետք է տնտեսական հիմնավորումներ լինեն։
Դուք ասում եք՝ լուծումները որո՞նք են, բայց կառավարությունը հենց նրա համար է, որ լուծումներ տա։ Գուցե հրատապ ծրագրերի ու գործողությունների կարի՞ք կա այս իրավիճակում։
Շտապ գործողություններ այսպես թե այնպես կան։ Բացի թոշակներից, կա նաև նպաստի համակարգը, նաև նվազագույն կենսաթոշակի չափն է բարձրանալու։ Զուգահեռաբար տարբեր ապրանքների գնի աճի դեպքում, օրինակ, դա գազի սակագինը կլինի կամ մեկ այլ ապրանքատեսակի կամ ծառայության գին, սոցիալապես խոցելի խմբերի համար արտոնյալ համակարգերը շարունակում են գործել։ Բայց եթե մենք այսօր կանգնում ու ասում ենք՝ թոշակը պետք է դարձնել 70 հազար դրամ կամ նվազագույն աշխատավարձը պետք է դարձնել 100 հազար դրամ, դա շատ հաճելի է հնչում, բայց պետք է նկատի ունենալ՝ պետությունը դրա հնարավորություններն ունի՞, թե ոչ։ Եվ երբ մեր ընդդիմադիր գործընկերները նման առաջարկներ են անում, իմ կարծիքով, գլխավոր նպատակը հենց այն է, որ այդ առաջարկները մերժվեն, և դա հնարավորություն տա քաղաքական առումով որոշակի դիվիդենտներ շահելու։ Եթե մասնագիտական հարթության մեջ ենք խոսում, ապա իրենք էլ են ժամանակին եղել իշխանություն և գիտեն, որ միանգամից թոշակը բարձրացնելն այդպես հեշտ չէ։ Երկրորդ, դա կարող է բերել շատ ավելի վատ հետևանքների, եթե քո տնտեսությունը դրա հնարավորությունները չունի։