Մեղավորությունն իմն է: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պաշտոնական կայքերում իր կենսագրությունում նշված չէ, որ եղել է ՀԱԿ անդամ:
«2017-ի ընտրություններից հետո ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ: Այո, պետք է լինեմ անկուսակցական: Այստեղ մի խնդիր կա, որ ես կճշտեմ: Ես ինքս իմ մեջ այդ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ուղղակի ֆորմալ առումով իմ դիմել-չդիմելու հանգամանքն է, որը ճշտվում է հիմա: Կենսագրությունը խմբագրելու բան չկա, ես տարբեր տեղերում իմ կենսագրության տարբեր բաներ եմ գրել, մոտեցումը հետեւյալն է եղել, ԽՍՀՄ-ում կար աշխատանքային գրքույկ մինչեւ 1999-ի մայիսը, երբ ԱԺ պատգամավորի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո ավարտվել է իմ աշխատանքային գործունեությունը: Դրանից հետո տարբեր տեղերում տարբեր ձեւերով եմ գրում՝ տարբեր ՀԿ-ների հետ համագործակցություն, «Արմատը», «Այլընտրանքը» եւ ՀԱԿ-ը»,-ասաց նա:
Վահագն Խաչատրյանը խոստացավ, որ մոտ օրերս ասուլիս կհրավիրի:
Հիշեցնենք, որ ըստ նախնական տեղեկությունների ՔՊ-ն հենց Վահագն Խաչատրյանի թեկնածությունն է ներկայացնելու ՀՀ նախագահի պաշտոնում: