Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր հրաժարականի դիմումը հետ չվերցնի, ապա Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կստորագրի հրաժարականը ոչ թե երկուշաբթի, այլ վաղը՝ փետրվարի 1-ին։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
«Եթե այսօրվա ընթացքում նախագահը գրավոր դիմումով հետ չվերցնի հրաժարականի մասին դիմումը, ապա վաղն առավոտյան 09։00-ին կհրապարակվի հրաժարականի մասին արձանագրությունը, և այդ մասին հայտարարություն կլինի»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց հրաժարական տալու որոշման մասին՝ պատճառներից մեկը նշելով քաղաքական իրադարձությունների վրա ազդելու համապատասխան գործիքների պակասը։
Հաջորդ օրը՝ հունվարի 24-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստի սկզբում հայտարարեց Արմեն Սարգսյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։ Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված մյուս պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։
Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։