Անա Կասպարյանը The Young Turks խոշորագույն լրատվական առցանց շոուի համասեփականատերն է և պրոդյուսերը։ Նա արդեն երկար տարիներ սոցիալական և քաղաքական թեմաներով ծրագիր է վարում Ջենք Ույգուրի հետ, որն ազգությամբ թուրք է։
Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար և քաղաքական մեկնաբան Անա Կասպարյանի վերջին գրառումներից մեկը սոցցանցերի թուրքական տիրույթում լուրջ իրարանցում է առաջացրել։
Կասպարյանը, մասնավորապես, գրել է. «Որտե՞ղ է եղել ԱՄՆ-ն, երբ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա։ Ոչ մի ձայն չկա նաև կոնգրեսականներից, որոնք շտապում են նոր անխոհեմ պատերազմի։ Զարմանալի է, թե ինչքան շատ մարդ է կարծում, որ ԱՄՆ-ն հոգ է տանում ինքնիշխան պետությունների պաշտպանության մասին։
Twitter-ի մեկնաբանություններում սոցցանցերի թուրքական և ադրբեջանական հատվածի օգտատերերը փորձել են վիճարկել հաղորդավարուհու գրառումները, թե իբր ԱՄՆ-ն նախկինում պետք է Ադրբեջանին օգներ «ազատագրել օկուպացված հողերը»։
Դրան ի պատասխան Կասպարյանն ավելի կոշտ է արտահայտվել։
«Այդ հողն ապօրինի փոխանցվել է Ադրբեջանին Ստալինի կողմից։ Այդ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը էթնիկ հայեր են։ Բայց թյուրքական ցեղերը որոշ բաներ գիտեն հողերի զավթման և մարդկանց սպանության մասին»,- գրել է հաղորդավարուհին։
Հաղորդավարուհու մեկնաբանությունը Twitter-ում տարածել է թուրքական Vaziyet լրատվական պորտալը։
Թուրք օգտատերերն անմիջապես փորձել են պարզել ամերիկացի մեկնաբան, քաղաքական մեկնաբան և ակտիվիստ Ջենկա Ույգուրի դիրքորոշումը իր գործընկերոջ՝ Անա Կասպարյանի արտահայտությունների վերաբերյալ:
Բանն այն է, որ նա Ույգուրի հետ միասին The Young Turks («Երիտթուրքեր») խոշորագույն լրատվական առցանց շոուի շրջանակում սոցիալական և քաղաքական թեմաներով շատ հայտնի լիբերալ-առաջադիմական ծրագիր է վարում։
Օգտատերերից մեկը բացատրություն է պահանջել, թե այդ երբվանի՞ց են «երիտթուրքերն» առաջ տանում Հայաստանի շահերը։
Հավելենք, որ ազգությամբ թուրք Ջենկ Ույգուրը 2012 թվականին քննադատության է ենթարկվել 1991 և 1999 թվականների իր հրապարակումներում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
Հետագայում նա մի քանի անգամ հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ իր նախկին հայացքները բացատրելով փաստերին տեղյակ չլինելով։
armeniasputnik.am