Search
Close this search box.

Ամիսներ առաջ 7500 դրամով վաճառվող պարարտանյութի գինը դարձել է 25 000 դրամ. Hetq.am

Hetq.am-ը գրում է. Վերջին 4 ամիսների ընթացքում գյուղատնտեսական պարարտանյութերի գինը հայկական շուկայում թանկացել է 60-70%-ով: Նախկինում 7500 դրամով վաճառվող պարարտանյութն այսօր արժե 24-25 հազար դրամ: Գյուղացիներն անհանգստացած են, որ նման թանկացումները դժվարացնելու են գյուղատնտեսական աշխատանքները, ավելացնելու գյուղմթերքի ինքնարժեքը:

Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի մշակույթի տան սենյակներից մեկում գյուղի տղամարդիկ նարդի էին խաղում և ձեռքի հետ քննարկում երկրում կատարվող անցուդարձը: Վերջին օրերի նրանց քննարկման «թոփ թեման» պարարտանյութի գնի թանկացումն է:

Ակնաշենում գրեթե բոլորը ջերմոցներ ունեն: Առաջիկա օրերին սկսվելու է գյուղատնտեսական ակտիվ աշխատանքների շրջանը, ինչն էլ անհանգստություն է պատճառում գյուղացիներին:

Վրեժ Ենոքյանը 700 քմ ջերմոց ունի: Արդեն վարունգի սածիլներն է աճեցնում, որպեսզի տեղափոխի ջերմոց: Նրա խոսքերով՝ պարարարտանյութի թանկացումը 30-40% բերքի ինքնարժեքի վրա ազդելու է, հետևաբար արդեն մտածում է՝ արժե՞ մտնել այդ բեռի տակ, թե՝ ոչ:

Վրեժ Ենոքյանն ասում է, որ առաջիկայում մարդիկ պարարտացնելու են նաև հացահատիկային մշակաբույսերը, ինչը գրեթե անհնար է. գյուղացին դեռ վաճառքի ապրանք չունի, այլ կերպ ասած՝ գումար չունի:

«Մեծ մասը չեն կարողանալու պարարտանյութ գնել, բերքը քիչ է լինելու: Քիչ բերքն էլ թանկ է լինելու: Թանկ էլ վաճառես, ով է առնելու: Մարդիկ ի վիճակի չեն թանկ ապրանք առնել: Ապրելը դժվարանալու է, ճամպրուկները հավաքելու են ու գնան: Սա հարկադրված փախուստ է»,-կանխատեսում է Վրեժ Ենոքյանը:

Հողը ազոտական պարարտանյութով չծանրաբեռնելու նպատակով գյուղացիները նաև գոմաղբ են օգտագործում: Վրեժ Ենոքյանն ասում է, որ շշուկներ կան գոմաղբի թանկացման մասին, քանի որ պահանջարկը մեծացել է: Անցյալ տարի մեկ բեռնատար ավտոմեքենայով գոմաղբի տեղափոխման արժեքը կազմել է 70 000 դրամ, այժմ խոսվում է 120 000 դրամի մասին:

«Այս վիճակից դուրս գալու լուծումը ղեկավար պոստերում մտածող մարդիկ ունենալն է: Պարարտանյութ արտադրելը դժվա՞ր է, որ չենք արտադրում: Դժվար չէ: Թող ամեն ջերմոցատիրոջը մոտենան, ասեն՝ 100-500 դոլարի չափով ներդրում արա, գործարան սարքենք, հետո այդ գումարի դիմաց ձեզ պարարտանյութ կտանք: Գյուղացիների մեծ մասը կանեն, ուղղակի ղեկավար կազմում մտածող մարդ չկա: Ես գյուղացի մարդ եմ, տարբերակներ մտածում եմ, իրենք չե՞ն կարող: Մի կողմից էլ չեն կարող, որովհետև չգիտեն գյուղատնտեսությունն ինչ է: Առանց գյուղատնտեսության պետություն չկա: «Ֆեյսբուքով» հաց ուտել չի լինի, պիտի այդ հացը սարքես, որ ուտես»,- ասում է Վրեժ Ենոքյանը:

Թանկացումից դժգոհում են ոչ միայն պարարտանյութ օգտագործողները, այլև վաճառողները: Արթուր Ներսիսյանը մոտ 2 տարի է՝ պարարտանյութի վաճառքով է զբաղվում: Պատմեց, որ անցյալ տարի այս օրերին վրացական ազոտական պարարտանյութի մեկ պարկը վաճառել են 6000 դամով, այսօր արդեն 15 000 դրամ է: Պարսկական կարբամիտը վաճառել են 7500 դրամ, այժմ 24 000 դրամ է, իսկ ռուսական պարարտանյութը 7500 դրամից դարձել է 17 000 դրամ:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL