Search
Close this search box.

Քո ազնվության վրա արյունոտ քարեր նետեցին, քեզ իջեցրին անառիկ լեռներից, որ տեղ տան ագռավներին

Այսօր դու վիրավոր Արծվի ես նման, Հայոց Բանակ, քո ճախրը փորձեցին կանխել, քո երկնահաս ազնվության վրա արյունոտ քարեր նետեցին, քեզ իջեցրին հայոց անառիկ լեռներից, որպեսզի քո բնի մեջ տեղ տան ագռավներին, քանի որ Քո Նաիրյան փառքը չկարողացան մարսել փոքրոգի հայրենադավները․ քո փետուրները սրախողխող էին արել նրանց պղծված միտքն ու էությունը։
Որքան էլ խոցոտեն քեզ ներսից ու զրպարտեն իրենց անշրջելի մեղքերի մեջ, մեկ է` դու ամուր պահել ես հայոց եռագույնը քո կտուցին` հերոս տղերքով անմահացած, քո ճանկերի մեջ հայոց հողի փառքն է Ավետյաց, քո աչքերում Բիբլիական պատվիրանների լազուրն է դրոշմված ։

Աստվածատուր քո ուժով վերածնվելու ես, կյանք ես առնելու նահատակված հերոսների նվիրական երազանքով։ Տղերքի կիսատ թողած գործն ես երկնքում ասեղծագործելու հաղթանակի թելերով, թշնամուն թողած դիրքերում ես քո բունը դնելու։
Հառնելու ես վեր անհաղթ ամպերից, որ ծածանես հայի տենչը հայոց երկնի հորիզոններում անպարտ։ Կարևեր սիրտդ, գիտեմ, պայթում է հիմա, գոռում ես «արդարություն անմեկնելի», փարվում Հայոց մայրերի ցավով և վեհությամբ կարծրացած ուսերին՝ մխիթարելով նրանց գոյությունը հերոսածին։

Հայոց ԱՐԾԻՎ՝ Հայի աղոթարան՝ հայոց զինուժի խորհրդանիշ, մեր պապերի ոգին` քեզ սատար, Հիսուս Քրիստոսի Աջը` քեզ ՃԱՆԱՊԱՐՀ։
Խոնարհումս․․․

Արեգ ԳՐԻԳ

Please enter a valid URL