ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը նորից ուշադրություն հրավիրեց իր վրա, այս անգամ ոտքի տակ պարզապես տրորելով հանրապետության մոտ 70 տոկոսին որոնց մի մասի շնորհիվ էլ ցավոք Հակովյան պատգամավորը իր մանդատն է վայելում:
Նրան ընդհամենը շատ պարզ հարց է ուղղվել, թե աղքատները ինչպես պետք է դիմակայեն թանկացումներին: ՀՀԿ-ական պատգամավորը ոչ ավել ու ոչ պակաս հետևյալ պատասխանն է տվել.
«Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:
Հ. Հակոբյանի այս թեզով արդեն տարիներ շարունակ ՀՀԿ-ն իշխում է երկրում, հնարավորինս շատ մարդկանց պահելով աղքատության ճիրաններում, որ ընտրությունից ընտրություն 5-ից 10000 դրամը կապիտալ թվա ու դրա դիմաց մարդիկ հակոբյաններին մանդատ տան, որ սրանք էլ ասեն` աղքատն ինչ գործ ունի կարագ կամ միս ուտի: Մի քանի օր առաջ էր, որ նույն Հակոբյանը ուզում էր ապացուցել, որ Հայաստանում մարդիկ աղքատ չեն, պարզապես պետությունը սխալ ինֆորմացիա ունի նրանց եկամուտների մասին:
Ինչպես տեսնում եմ՝ խորհրդարանում իշխանական պատգամավորների մոտ ցինիզմը հասել է գագաթնակետին,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Ստյոպա Սաֆարյանը. «Արդեն կայֆավատ են լինում աղքատների վրա, թե բա՝ միևնույնն է, նրանք կարտոֆիլից այն կողմ բան չեն կարողանում առնել, հետևաբար աղքատների վրա թանկացումները չեն ազդի: Հայաստանում իշխանության նման դեգրադացիան կատարելության է հասել»: