Search
Close this search box.

«Կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին». Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ, այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որտեղից և ուղերձ է հղել:
Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Այսօր առավոտյան ՀՀ երրորդ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդը ներդրած նվիրյալ զավակների և Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
***

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
«…Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին:
Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից:
Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը:
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ». Սերժ Սարգսյան

Please enter a valid URL