Գերմանիայի իրավապահները հայտնում են ռուսաստանցի գիտնականի ձերբակալության մասին, որը, նրանց պնդմամբ, լրտեսում էր Մոսկվայի օգտին։
Գերմանիայի դատախազության հաղորդագրության համաձայն՝ ռուսաստանցին գերմանական համալսարանում աշխատելիս գաղտնի տեղեկատվություն է փոխանցել Եվրոպայի Ariane տիեզերական հրթիռային ծրագրի մասին:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ կասկածյալը, որի անունը չի նշվում, Բավարիայի համալսարաններից մեկի գիտաշխատող էր և «կանոնավոր հանդիպումներ» է ունեցել երկրում տեղակայված ռուսական հետախուզության բարձրաստիճան սպայի հետ: Երկուսն էլ ձերբակալված են։
Կասկածյալը «տեղեկատվություն է փոխանցել ավիատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում հետազոտական նախագծերի, մասնավորապես՝ եվրոպական Ariane հրթիռի զարգացման տարբեր փուլերի մասին», — հայտարարում է Գերմանիայի դատախազությունը։
Ariane ծրագիրը, որը բաղկացած է մի շարք տրանսպորտային հրթիռներից, նախատեսված է տիեզերք ծանր բեռներ՝ այդ թվում արբանյակներ տեղափոխելու համար։