Արցախի օկուպացրած տարածքներից տեղահանված բնակիչներն այսօր՝ հունվարի 27-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Կառվարության դիմաց՝ ներկայացնելու խնդիրներն ու պահանջները։
«Մեր հարցերը, որոնք հարցերի կոմպլեքս է, կլուծվի միայն հայրենիք վերադարձի արդյունքում: Պահանջում ենք Արցախի Հանրապետության բռնազավթած բոլոր տարածքների վերադարձ։ Այս ընթացքում երեւի ռուսամետ շրջանակների կողմից տարածվում են լուրեր, որ գոնե Շուշիի ու Հադրութի մասով հնարավոր է վերադարձ, մի բան կանենք: Այդպես ասողները չեն հարգում Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքը։ Իսկ Արցախի ժողովուրդը ստեղծել է Արցախի Հանրապետություն ու պահանջում է դրա իրավաքաղաքական ճանաչում, որը Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից արհամարհվել է, եւ արդյունքում եղել է այս աղետը: Մեր հարցերի միակ լուծումը Արցախի ճանաչումն էր, որ այդպես էլ չարվեց ու հասել ենք այս վիճակին»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հարդրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը:
Տեղահանված արցախցիները համոզված են, պատերազմի ավարտից հետո առաջացած բոլոր խնդիրները կարելի է լուծել միայն Ադրբեջանի բռնազավթած տարածքների վերադարձի դեպքում, երբ իրենք կվերադառնան իրենց տներ։
«Իրենց դրել են ուժեղ քաղաքագետի տեղ, ասում են՝ մենք դեմոգրաֆիական խնդիրներ ենք լուծում: Այն տարածքում, որը մնացել է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո, դեմոգրաֆիական հարց չկա, դեռ նմի բան էլ խիտ է բնակչությունը: Մենք երբ վերադառնանք մեր տները, այդ ժամանակ կառաջանան նման խնդիրներ, որովհետեւ չեն կարողանա մեզ տնով, աշխատանքով բավարարեն, սնեն: Մեր հարցերը կլուծվեն միայն Հադրութը, Քաշաթաղը, Շահումյանը, Քարվաճառը, Շուշին վերադարձնելով։ Մեր իշխանությունները պետք է լծված լինեն այդ գործին, ինչը մենք չենք տեսնում։ Իշխանությունները խոսում են ամեն ինչից, բացի Արցախի վերադարձից, ինչի՞ են նստել իշխանության գլուխ, չենք հասկանում»,-ասաց Հայրյանը:
Նա ընդգծեց, որ եթե Արցախի Հանրապետության տաածքները չվերադարձվեն, անգամ Երևանում հայի համար կյանք չի լինելու. «Եթե Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ նախկինները սերմ գողացող մկներ էին: Այսօրվա իշխանություններն ավելի սարսափելի բանի են գնացել, սրանք արդեն սաղմն են ուտում, մեր ազգի գոյաբանական հիմքն են ուտում: Արցախը չկա, հայկական չէ, արդեն քարեր են նետվում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Թե ժողովուրդն ի՞նչ բանի է, չենք հասկանում։ Հայ ժողովուրդը պետք է զարթնի ու բարձրացնի հարցերը»,-ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավարը:
Ակցիայի մասնակիցները դչանից հետո երթով շարժվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, ապա նաեւ ԱԳՆ շենք ու հնչեցնել իրենց մտահոգող հարցերը։