Կիևում Միացյալ Նահանգների դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին մտածել Ուկրաինայից «հիմա» հեռանալու մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ:
«Ուկրաինայում անվտանգության ոլորտի իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պայմաններում… ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում Ուկրաինայում գտնվող քաղաքացիներին դիտարկել երկրից հիմա հեռանալը՝ օգտագործելով կոմերցիոն կամ այլ մասնավոր տրանսպորտային հնարավորությունները»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպից հայտնել էին, որ հունվարի 24-ից թույլատրել է Ուկրաինայում դիվանագիտական անձնակազմի մի մասին կամավոր հեռանալ և պարտադրել ընտանիքի բոլոր անդամներին լքել երկիրը: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում կոմերցիոն չվերթներով լքել Ուկրաինան՝ կապված անվտանգային լարված իրավիճակի հետ: