Search
Close this search box.

Ի՞նչ է հանձնարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված քաղաքաշինության ոլորտում իրականացվող ծրագրերին և աշխատանքներին։

2021 թվականին կատարված և 2022 թվականի համար նախանշված աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

Երկրի ղեկավարը, հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում իրականացվող շինարարության աննախադեպ ծավալները և դրա արագ ու որակյալ իրականացման հրամայականը, ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ոլորտի պատասխանատուների աշխատանքից։ Միևնույն ժամանակ Նախագահը շեշտել է, որ շինարարության նման ծավալների և համապատասխանաբար ծախսվող խոշոր գումարների պարագայում առավել քան երբևէ անթույլատրելի են չարաշահումներն ու կոռուպցիոն երևույթները՝ հիշեցնելով ներկաներին, որ արդեն իսկ հանձնարարել է ուժային կառույցներին իրականացնել խստացված ստուգումներ մի շարք կառույցներում և հիմնարկներում։

Խոսելով թափանցիկության մակարդակի բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մեխանիզմների մասին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ այսուհետ ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցների հետ փոխկապակցված ընկերություններին կտրականապես չի թույլատրվելու մասնակցել պետական տվյալ կառույցի պատվերով իրականացվող շինարարական աշխատանքներին։ Դրա հետ մեկտեղ, երկրի ղեկավարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին խստացնել շինարարական աշխատանքների համար կազմակերպվող մրցույթների կարգը՝ հիմքում ունենալով թափանցիկության, համաչափության և արդարության սկզբունքները։

Please enter a valid URL