Search
Close this search box.

Գերությունից եկած ենթասպա Արեն Արամյանը կմնա կալանավորված․ նրա վատ առողջական վիճակը դատարանը նոր հանգամանք չի համարել

Նոյեմբերի 26-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մերժել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը՝ չնայած նրա առողջական վիճակին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Արա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Արամյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել ՀՀ իրավապահների կողմից։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը կայացվել է դեկտեմբերի 30-ին։ Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին և, նկատի ունենալով Արամյանի ընտանիքի սոցիալական պայմանները, որպես գրավի չափ է առաջարկվել 500.000 ՀՀ դրամը։ Պաշտպանության կողմը միջնորդության հիմքում դրել է նախաքննության ավարտի և Արամյանի՝ վատթարացած առողջական վիճակի հանգամանքը։

Մասնավորապես, նախաքննության ավարտով պայմանավորված էականորեն նվազել է գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, իսկ ինչ վերաբերում է Արամյանի առողջական վիճակին, ապա պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում Արամյանի ոտքը կարող են ամպուտացնել։

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, քննել է գրավի միջնորդությունը և մերժել այն. Հայրենադարձված ռազմագերու առողջական վիճակի վատթարացումը դատարանը նոր հանգամանք չի գնահատել։

Բացի այդ, ըստ քննչական խմբի ղեկավարի՝ դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը և գործը ցուցումով հետ է ուղարկել՝ լրացուցիչ քննության։ Նշենք, որ վարույթն իրականացնող մարմինը մայր գործից անջատել էր արդեն հայրենադարձված և մեղադրյալի կարգավիճակ ունեցող գերիների դրվագով մասը և նախաքննության ավարտ հայտարարել, ինչը նույնպես պաշտպանը որպես նոր ի հայտ եկած հանգամանք էր դիտարկել՝ ներկայացնելով գրավի միջնորդության մեջ, իսկ թե ինչ ցուցումներ են տրվել դատախազի կողմից՝ պաշտպանության կողմին դեռևս հայտնի չէ։ Լրացուցիչ քննություն կատարելու հանագամանքը դատարանում բարձրացվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից, դատարանը դրան ևս անդրադարձել է։

«Դատարանը դիտարկել է, որ նախորդ նիստի ընթացքում, այսպես, թե այնպես, հայտնել էին, որ պետք է նախաքննության ավարտ հայտարարվի։ Ուղղակի պատճառ է պետք, որովհետև, ըստ էության, եթե նախաքննությունն ավարտվել է, խոչընդոտման ռիսկը, եթե չի չեզոքացել, ապա լրիվ նվազել է, քանի որ բոլոր գործողությունները կատարվել են, դա ուղղակի գրվում է՝ գրելու համար »,- նշեց փաստաբանը։

Փաստաբան Արա Կարապետյանը հայտնեց, որ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել, թեև առանձնապես ակնկալիքներ չունի։

Աղբյուր` Փաստինֆո

Please enter a valid URL