Հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ծառայողները գերեվարել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին՝ Սուրիկ Մաթևոսյանին, և տարել նրա 300 ոչխարները։ Թշնամին հովվին գերեվարել էր այն ժամանակ, երբ նա մոլորվել էր և մոտեցել ադրբեջանցիների զբաղեցրած դիրքերին։
Մի քանի ժամ հովվին պահելուց հետո, ռուսական ու հայկական կողմի ջանքերով հովվին թշնամին վերադարձրել էր, սակայն մինչ օրս նրա 300 ոչխարները չի վերադարձրել։
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից և թշնամու՝ Սյունիքում հայտնվելուց հետո անասնագողության դեպքերը դարձել են սովորական երևույթ։ Թշնամին իր տեսադաշտում հայտնված բոլոր անասուններին գողանում է, այդ թվում՝ բազմաթիվ գյուղացիների ձիեր, որոնք չի վերադարձնում։
Նույն միջադեպերը գրանցվում են նաև Գեղարքունիքի մարզում։ Օրինակ, ամիսներ առաջ Կութ գյուղից գողացած 86-ից ավելի անասունները թշնամին մինչ օրս չի վերադարձրել։
168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ իրենց հաշվարկներով՝ պատերազմից հետո անասնագողության դեպքերով թշնամին 80-100.000 դոլարի վնաս է հասցրել հայկական կողմին։
«300 ոչխարի դեպքով՝ Տեղ համայնքի բնակչի կրած վնասները, մեր հաշվարկների համաձայն, կազմում է 20-24.000 դոլար։ Այս պահի դրությամբ 1 ոչխարի արժեքը 35-40.000 դրամ է, նայած՝ ինչ ոչխար է, որքան քաշ ու բուրդ ունի, դրանից է կախված արժեքը։ Այսպիսով՝ միջին գինը 80 դոլար է։ Մենք նաև հաշվարկել ենք, որ պատերազմից հետո թշնամին հայկական կողմից գողացել է 80-100.000 դոլարի անասուն, Արցախի դեպքերն էլ՝ հետը»,- նշեց Հրաչ Բերբերյանը։
Միաժամանակ Հրաչ Բերբերյանն ասաց, որ անասնագողություններ թույլ չտալու համար սահմաններն ավելի լավ պետք է պաշտպանվեն, եթե սահմանը պաշտպանված լինի, թշնամին որևէ կերպ չի համարձակվի գողությամբ զբաղվել։
«Եթե փշալար ու ցանկապատ լիներ, ո՞վ կհամարձակվեր անասուն գողանալ, այն էլ՝ Ալիևի նման էշը, սրա մասին թող մտածեն մեր իշխանությունները։ Քանի դեռ այսպես են վարվում, անասնագողությունները շարունակվելու են, հատկապես, որ անասնագողությունն ադրբեջանցիների սիրելի զբաղմունքն է, արհեստներից մեկը, բոշաներն էլ են անասնագողությամբ սիրում զբաղվել, առանց դրա իրենք չեն կարողանում ապրել, դա իրենց արյան մեջ է»,- հավելեց Հրաչ Բերբերյանը։
Նա նաև նկատեց, որ այս ծանր իրավիճակում, մարդիկ մի կողմից պայքարում են ծանր սոցիալական խնդիրների դեմ, մյուս կողմից՝ թշնամին նրանց մեծ վնաս է հասցնում, իսկ դրան զուգահեռ՝ անասնակերի խնդիրներ կան։
«Մսամթերքի գների վրա խիստ ազդեցություն ունի անասնակերի սակավությունը, որը Հայաստանում այսօր աննախադեպ թանկ է։ Գյուղացին ի վիճակի չէ ձմռան համար այդքան անասնակեր կուտակել, հիմա նորից պետք է դիմենք էս իշխանությանը, որ գնան ու գյուղացիների անասունների համար կեր ապահովեն, բայց դե ոչինչ չեն անում։ Թերևս, սա էր պատճառը, որ բազմաթիվ խոշոր ու միջին անասուն այս տարի մորթվեց։ Դե, մի խումբ տգետների կառավարման արդյունք է»,- ընդգծեց նա։