Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Պատահական չէ, որ Թուրքիայի հետ սահման բացելու մասին ամենաակտիվ խոսում է Խաչատուր Սուքիասյանը։
2021թ․ հունվարի 25-ին՝ ճիշտ մեկ տարի առաջ, ինձ հանդիպման հրավիրեց խոշոր գործարար, այժմ ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Այդ մասին 2021-ի մարտի 22-ին ես հպանցիկ անդրադարձ արել էի՝ նշելով մեր զրույցի այն հատվածները, որոնք ենթակա են հրապարակման:
Այն ժամանակ էլ ես նշեցի, որ Սուքիասյանը հետաքրքրված էր Թուրքիայի հետ սահման բացելու հեռանկարով։ Նա պնդում էր, որ ինքը լուրջ փողերի հոսք է տեսնում, իսկ ես հակադարձում էի, որ փողից առավել կարևոր է պետականության անվտանգությունը, որի առումով Թուրքիան սպառնալիք է մեզ համար, և այժմ չի կարելի սահման բացել հիմա։ Դա կարելի է անել մի քանի տարի անց, երբ մենք կկարողանանք ոտքի կանգնել, ապահովել որոշակի կայունացում, ունենալ տնտեսական ու քաղաքական իմունիտետ, էլ չասեմ, որ սպասվում է Ադրբեջանի հետ նոր՝ ավելի մեծ պատերազմ։
Սուքիասյանին, սակայն, հետաքրքրում էր, թե ինչպես կարելի է օգտագործել Արևմտյան Հայաստանի ծպտյալ հայերի գործոնը սահման բացելու գործում։ Ես կտրականապես դեմ եմ արտահայտվել։ Ինձ հետաքրքրում էր ազգային ինքնությունն ու պետական անվտանգությունը, Սուքիասյանին՝ բիզնես կապերն ու տնտեսությունը։ Նրանք համարում են, որ Արևմտյան Հայաստանի նկատմամբ մեր հոգևոր կապն ու զգացմունքները կարելի է մոնետիզացնել և զբոսաշրջային հոսք ապահովել, ինչը հայ և թուրք գործարարներին հավասարաչափ ձեռնտու է։
Ես սպասում էի, որ 2021-ի վերջից պետք է զարկ տրվեր Թուրքիայի հետ սիրախաղին։ Առաջիկայում մենք կլսենք նաև խոսակցություններ հայ-թուրքական համատեղ կոոպերացիաների, Հայաստանի ծառայությունների ոլորտը փորձառու թուրքերին հանձնելու անհրաժեշտության մասին։ Մեր միջին բիզնեսի տերերը և այգիներ ունեցող գյուղացիները պետք է պատրաստ լինեն պայքարելու իրենց ունեցվածքի համար։ Սահման բացելուց հետո սկզբում սկզբում խոսակցությունների, հետո էլ պահանջների տեսքով կբարձրացվի սահմանին կանգնած ռուսական ռազմաբազայի ավելորդ լինելու հարցը։ Դա էլ այլ թեմա է՝ փաստերով։