Search
Close this search box.

«Հայոց Արծիվներ»-ը կկռվեն ՌԴ-ի համար, եթե Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի կողմից պատերազմ սկսվի

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանի հայտարարությունը․

«Նախորդ 30 տարիների ընթացքում՝ հատկապես վերջին ժամանակահատվածում, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում տեղի են ունենում աշխարհաքաղաքական ազգակործան գործողություններ՝ հիմնականում մարդկությանը ստրկացնել և կործանել փորձող ՆԱՏՕ-ի (Ամերիկայի Միացյալ Նահանգների) ղեկավարների անմիջական հրահրմամբ:

Անկախ ազգերին և ինքնիշխան պետություններին ստրկացնող և ոչնչացնող հավաքական արևմուտքի հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինք հանդիսացող մարդակործան ՆԱՏՕ-ն Խորհրդային պետություններից մեկի՝ Ուկրաինայի միջոցով փորձում կամ նախապատրաստվում է Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի դեմ սկսել պատերազմական գործողություններ՝ իբրև պաշտպանելով նույն հավաքական արևմուտքի կողմից ոչնչացվող Ուկրաինան:

Երեք տասնամյակ է, ինչ նշում եմ, որ հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս ու Հայաստանի համար արտաքին ռազմաքաղաքական և տնտեսական սերտ համագործակցության ճշմարիտ ու միակ ուղին Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու համագործակցությունն են։ Ուստի, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ամբողջությամբ մերժում է մեր տարածաշրջանում՝ հատկապես Հայաստանի Հանրապետությունում ՆԱՏՕ-ի գործունեությունը և կոչ է անում Հայաստանի իշխանությանը՝ Հայաստանից անհապաղ հեռացնել ՆԱՏՕ-ին, այլապես կհեռացնենք մե՛նք:

Ավելին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանությանը՝ հրապարակավ հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի Դաշնության, և, ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում, Հայաստանի իշխանությունը պարտավոր է ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների արտաքին անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի Դաշնությանը:

Միաժամանակ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը հայտարարում է, որ, ՆԱՏՕ-ի (նույնն է, թե՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի …), կամ Ուկրաինայի, կամ երեքի համատեղ ուժերի կողմից բարեկամ Ռուսաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու դեպքում, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, ջոկատի հրամանատար, 2020 թվականի արցախաադրբեջանական 44-օրյա պատերազմի ուղղակի մասնակից, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Ռուսաստանի զինված ուժերի կազմում մասնակցելու է այդ պատերազմին՝ պաշտպանելով Ռուսաստանին»:

Please enter a valid URL