Փաշինյանի առցանց ասուլիսները վկայություն են, որ նա իրականացնում է հակահայ ծրագիր, որի նպատակները հեռուն են տանում։ Նա հրապարակայնացնում է Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի հետ համաձայնեցված բովանդակություն, որը հակահայ ծրագրի հեղինակների միայն պարզ փաստաբանություն ու արդարացում չէ
Նախորդ նման ելույթներում Փաշինյանը հրաժարվել է հայկական իրավունքներից, ճանաչել է պատերազմի արդյունքները, Արցախի պատկանելությունը Բաքվին եւ Հայաստանի տարածքի էքստերիտորիալության պահանջը։ Այս ամենը նա վերահաստատեց հունվարի 24-ի ասուլիսին եւ անցավ «հաջորդ մակարդակ»՝ Թուրքիայի իրավունքների ու սահմանների ճանաչմանը։ Փաշինյանն այդպիսով օրինականացնում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ 1921 թ․ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որոնց գործողության առավելագույն ժամկետը սպառվել է։
2020-ի ռուս-թուրքական արշավը Հայաստանի դեմ պայմանավորված էր այդ պայմանագրերի գործողության ժամկետի սպառման հանգամանքով։ Փաշինյանը ոչ միայն ճանաչում է պատերազմի արդյունքները, այլեւ դրա «հիմքերը»՝ մաքրելով ու ընդլայնելով 1921-ի արյունոտ ոճիրը, ինչը նշանակում է անմիջապես Նախիջեւանի, այնուհետեւ Արցախի օտարման իրավական ճանաչում միջպետական մակարդակում։
Խնդիրն այսպիսով ավելի խորն է, քան զուտ ֆիզիկական կորուստների ու դավաճանության վերաբերյալ ավանդական քննարկումներն են ենթադրում։ Սեղանին ոչ միայն Հայաստանի պետականության կորստի, այլեւ հայ ինքնության վերացման հարցն է։ Արամ Ա կաթողիկոսի ահազանգը պետք է սթափեցնի հայությանը։
lragir.am