Search
Close this search box.

Սերժ Սարգյանը երազում էր, որ ադրբեջանցիներն է՞լ մասնակցեն ԼՂ կարգավիճակի որոշման հանրաքվեին. իհարկե` ո՛չ․ Փաշինյան

Այն դրույթը, որը նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցեն ցանկացած ազգության ներկայացուցիչներ բնակչության այն համամասնությամբ, որը եղել են 1988թ, Կազանից հետո անհետացել է բանակցային փաստաթղթերից։ Այս մասին ընթացող առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրային հեռուստատեսության այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ-ն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների վերաբերյալ՝ նկատի ունենալով այն, որ Հադրութը, Շուշին եւ Մարտակերտի որոշ բնակավայրեր նախկին ԼՂԻՄ սահմաններում են եղել՝ ի համեմատ, օրինակ, Քարվաճառի, Քաշաթաղի եւ մյուս տարածքների, որոնց կարգավիճակն իրավական տեսանկյունից վիճարկելի է։

«Էլի վերադառնում ենք այն թեմային, որը մեր նախորդ հարցազրույցից հետո շատ մեծ աղմուկի առիթ դարձավ։ Բանակցային գործընթացում մինչեւ 2018թ․ եւ դրանից հետո էլ երբեք ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք։ Ես հենց դա էի ասում ոչ էդքան ուղիղ նախորդ անգամ։ Շուշիի հարց եղել ա՞ բանակցություններում, թե չի եղել, հետո խոսեցի Մադրիդյան սկզբունքներում առկա սկզբունքի մասին, ըստ որի՝ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցեին ցանկացած ազգության ներկայացուցիչներ այն համամասնությամբ, որով եղել են 1988թ․։ Սա թարգմանաբար նշանակում է, որ եւ հայերը պետք է մասնակցեն Լեռնայի Ղարաբաղի ապագա ճակատագրի որոշմանը, եւ ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները։ Մի տարօրինակ փաստ վրա եմ ուշադրություն հրավիրում՝ էս հանգամանքը հետո բանակցային գործընթացից, թղթերից անհետանում ա, եւ ոչ թե Ադրբեջանն է բարձրաձայնում էդ հարցը, այլ ՀՀ-ն Սերժ Սարգսյանի ստորագրությամբ համանախագահներին, միջնորդներին է դիմում՝ ասելով, որ էդ դրույթը պետք է վերականգնել, անընդունելի է, որ այն չկա, պատկերացնում ե՞ք։ Այն դրույթը, որը նախատեսում է ադրբեջանցիների մասնակցություն ԼՂ կարգավիճակի որոշմանը, բանակցային թղթերից Կազանից հետո դուրս ա գալիս, չկա տենց արձանագրված, եւ այդ դրույթը վերադարձնելու միջնորդություն է ներկայացնում ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը։ Ինչո՞ւ՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր, որ ադրբեջանցիները մասնակցեն ԼԵռնային Ղարաբաղի ճակատագրի որոշմանը՝ իհարկե ո՛չ, նա ուզում էր, որ վերադարձվի 1988թ․ համամասնության պահպանման մասին դրույթը, որովհետեւ 1988թ․ ԼՂ բնակչության 70 եւ ավելի տոկոսը հայկական բնակչություն է եղել։ Բանակցային գործընթացում 2016թ․ արձանագրում է, որ շատ կարեւոր բուֆեր ա կորսվել, որ կարող ա հարց առաջանա՝ մի րոպե, համամասնության հետ կապված խնդիր կա։ Դրա համար եմ նախորդ անգամ ասել, որ հայկական կողմը երբեք չի վիճարկել ադրբեջանցիների՝ հանրաքվեին մասնակցության հարցը, որոնք, ըստ բանակցային փաթեթի, պետք է Լեռնային Ղարաբաղի բնակիչներ լինեին։ Դա ես չեմ ստեղծել, նենց տպավորություն էր, թե դա իմ երազանքն էր, ես էդ ձեւակերպումը որպես ժառանգություն եմ ստացել։ Այդ դրույթը չի վերադարձվել՝ լղոզվել է, ինքը (Սերժ Սարգսյանը – խմբ․) ուզել է համամասնության բուֆերը պահի։ Ոչ մեկ չգիտի՝ ԼՂ-ից դուրս եկած 40 000 ադրբեջանցիները, օրինակ, 2017 կամ 2018թթ․ ինչքա՞ն են եղել։ Եթե հաշվի առնենք, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի համաձայնեցրած ժամկետներում, Ադրբեջանն ասում ա՝ շատ լավ, իմ պատկերացմամբ՝ առաջիկա 50-100 տարում հանրաքվե չի լինելու, ես էս գլխից ասում եմ։ Հայաստանն ասում է՝ համաձայն չեմ եւ պնդում են, որ այդ հանրաքվեն 5 տարի հետո պետք է լինի, Ադրբեջանն ասում է՝ կողմերի համաձայնությամբ պետք է ժամկետը որոշվի, չէ՞, ասում ա՝ հա, ասում ա՝ ես դրա հետ համաձայն չեմ, Հայաստանն էլ ասում ա՝ ես էլ համաձայն չեմ, Ադրբեջանն էլ ասում է՝ դե, համաձայն չես՝ ուրեմն ոչ 5 տարի հետո հանրաքվեն կլինի, ոչ էլ՝ 100։ Սրա մասին է խոսքը։ Շատ ավելի ուղիղ կարող եմ պատասխանել, բայց եկեք չանեմ դա, ես պատասխանեցի հարցին, ամբողջ ինֆորմացիան, որն անհրաժեշտ է հարցի ճշգրիտ պատասխանը տալու համար, ես արդեն տվեցի, մնացածը, խնդրում եմ, իրենք համադրեն»,- հայտարարեց Փաշինյանը։

Please enter a valid URL