Search
Close this search box.

Նախկին մարզպետ, նախկին նախարար Հայկ Չոբանյանը պաշտոն է ստացել

Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը նշանակվել է ԱՏՁՄ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն եւ վաղը նա ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանի եւ նախկին գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ հանդես է գալու համատեղ ասուլիով, որտեղ ներկայացվելու է ԱՏՁՄ վարչության որոշումը նրան՝ տնօրեն նշանակելու մասին։

Հիշեցնենք, որ 2021 ապրիլի 2-ին Հայկ Չոբանյանը նշանակվել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար եւ պաշտոնավարեց մինչեւ օգոստոս ամիսը։ Թե ինչն էր պատճառը, որ ընտրություններից հետո կազմավորվող կառավարության կազում նա չընդգրկվեց, պարզ չէ։ Նրա փոխարեն նշանակվեց մասնագիտությամբ տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ Նոր կառավարության կազմավորումից հետո՝ օգոստոսին տված հարցազրույցներից մեկում Հայկ Չոբանյանն ասել էր, որ ինքը շուտով առաջարկություն կստանա եւ կլինի կառավարության կազմում, սակայն ամիսներն անցնում էին՝ նա առաջարկ չէր ստանում։

Այսօր տեղեկացանք, որ նա նշանակվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ-UATE) գործադիր տնօրեն։ Միության կայքում գրված է․ ԱՏՁՄ-ն 20 տարուց ավելի Հայաստանում գործող բիզնես միություն է, որը միավորում է 100-ից ավել ՏՏ եւ առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։ «Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպությունների եւ Միության անդամների համար ապահովելով բարենպաստ գործարար միջավայր՝ շահերի պաշտպանության, նորարարական եւ կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով»:

Նրա երկարամյա նախկին տնօրենը՝ Կարեն Վարդանյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից, մահացավ 2020 թվականին։ Ապա տնօրեն նշանակվեց Ռաֆֆի Քասարջյանը։

Չոբանյանը 2021-ի հոկտեմբերի 9-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

«Սիրելի՜ բարեկամներ, իմ աշխատանքային գործունեությունը շարունակելու եմ նույն ռազմավարական բնագավառներում, սակայն մասնավոր ոլորտում։

Միաժամանակ ուզում եմ հայտնել, որ շարունակելու եմ իմ հնարավորությունների շրջանակներում աջակցել կարևորագույն նախագծերի իրականացմանը՝ հանուն անվտանգ և արժանապատիվ Հայաստանի։

Պետական պաշտոնավարումս իրականացրել եմ նվիրումով՝ առավելագույնս կիրառելով իմ կյանքի և գործունեության ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները։

Հասկացել եմ, որ ինստիտուցիոնալ լուծումներ կարելի է և պետք է տալ ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր և հասարակական ոլորտներում։

Այդ համոզմունքն է նաև նպաստել իմ այս որոշմանը, այն է՝ ստեղծել կայուն, կենսունակ, զարգացող հարթակ` ռազմավարական նշանակություն ունեցող տեխնոլոգիաների զարգացումը խթանելու, առկա ներուժը համախմբելու, նոր ուժ ձևավորելու, արժեքներ ստեղծելու համար՝ երկիրը շատ ավելի անվտանգ, ապահով և զորավոր դարձնելու համազգային մասնակցությամբ։

Մեծ խնդիրներ լուծելու համար պետք է ինքներս մեծանանք՝ մտքով, հոգով և գործով»։

Please enter a valid URL