ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր, հունվարի 23-ին՝ կիրակի երեկոյան, գտնվելով Լոնդոնում, հայտարարություն տարածեց՝ որոշել է հրաժարական տալ նախագահի պաշտոնից:
Հիշեցնենք, 25 տարի առաջ այս օրերին ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանը Լոնդոնից հրապարակեց իր հրաժարականի տեքստը:
Այսօր Ա. Սարգսյանի այդ հայտարարությունից հետո, մինչ շատերը սոցիալական ցանցերում փորձում էին գլխի ընկնել, թե ի՞նչն է մինչև վերջերս էլ գլոբալ ինչ-որ նախագծերի մասին ելույթներ ունեցող նախագահի հրաժարականի բուն պատճառը, ֆեյսբուքում որոշ շրջանակներ, որպես ՀՀ նախագահի թեկնածու, ակտիվորեն շրջանառում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի անունը: Վերջինս կարծես դեմ չէ:
Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին ֆեյսբուքյան գրառում էր արել նաև այս պահին ԱՄՆ-ում գտնվող Էդմոն Մարուքյանը: Նրա գրառման մեկնաբանություններում օգտատերերից մեկը գրել էր, որ նախագահի պաշտոնում տեսնում է հենց Մարուքյանին, ինչին ի պատասխան, Մարուքյանը գրել է՝ «Դե ուրեմն կառաջադրվեմ»:
168.am-ը Էդմոն Մարուքյանին խդրեց մեկնաբանել հետևյալ հարցը՝ արդյոք նախագահ դառնալու առաջարկ ստացե՞լ է, հատկապես իր թիմակիցներն ինչո՞ւ են ակտիվ շրջանառում իր լուսանկարը:
Ի պատասխան Էդմոն Մարուքյանը նախ ֆեյսբուքյան հաղորդագրությամբ մեր ուղղած հարցին ի պատասխան ասաց, որ ժամանակը գա` կխոսի, այնուհետև գրեց, որ այս ամենին այժմ չի կարող արձագանքել: