Դեռ 2021թ. նոյմեբերին «armlur.am» կայքը մի ստահոդ, իր ցանկալին իրականության տեղ հրամցնող նյութ էր հրապարակել այն մասին, թե իբր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՌԴ՝ քաղաքացիություն ստանալու համար:
Նկատի ունենալով այս ապատեղեկատվության արագ տարածման հանգամանքը՝ դեռ այն ժամանակ ստիպված եղանք հրապարակավ հերքել այն:
Բայց ինչպես երևում է, «armlur.am»-ում կամ հիշողության հետ կապված խնդիր ունեն, կամ տեսողության, կամ էլ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ ոմանց համար:
Որովհետև այսօր կայքը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ ոչ միայն կրկնելով արդեն պաշտոնապես հերքվածը, այլև էլ ավելի զոռ տալով բորբոքված երևակայությանը: Մասնավորապես, ինչպես ընդունված է այս «լրատվամիջոցի» պարագայում, կրկին առանց որևէ աղբյուրի մատնանշմամբ, բամբասանքի ժանրի կանոններին համապատասխան, հիմա էլ շրջանառության մեջ են դրել մի նոր անհեթեթություն առ այն, թե ՀՀ գլխավոր դատախազն, իբր, ինչ-որ զրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ և նրան առաջարկել իրեն նշանակել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան:
Հուսալով, որ այլևս նման բամբասանքով հանրությանը չեն կերակրի, մի քանի հստակ արձանագրում կատարեմ:
1. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնականոն շարունակում է իր գործունեությունը, և այս պահին չկա դա անհնարին դարձնող որևէ հանգամանք:
2. Դեկան նշանակվելու կամ նմանատիպ որևէ զրույց ՀՀ գլխավոր դատախազը որևէ մեկի հետ չի ունեցել. գրված բամբասանքին նման մտավարժանքներով արժանահավատություն հաղորդելու փորձերը պրիմիտիվ են:
3. Ինչ վերաբերում է ՌԴ-ին քաղաքացիության հարցով դիմելուն, ապա արդեն հերքվածը կրկին հերքելու կարիք, թերևս, չկա:
Պարզապես չպետք է լուրջ վերաբերվել այդ կայքի հրապարակումներին ու վերջ:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան