Ի՞նչ է սահմանում Սահմանադրությունը Սարգսյանի հրաժարականի դեպքում:
Սահմանադրության 142-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:
144-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Նշենք, որ նոր նախագահը ընտրվելու է Ազգային ժողովի կողմից: Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:
Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:
Արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:
Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
Հանրապետության նախագահն իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կարող է ուղերձ հղել Ազգային ժողովին: