Search
Close this search box.

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Ելենա Թ․-ին մեղադրանք է առաջադրվել Սարգիս Ս․-ի, Գոռ Հ․-ի և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նախնական համաձայնության գալով «Տէցի կռուգ» կոչվող հատվածում մարմնավաճառությամբ զբաղվող անձանց պոռնկությամբ զբաղվելու նպատակով նշված տարածքում կանգնելը թույլատրելու, գործունեության ընթացքում առաջացած խոչընդոտները հարթելու, տեղափոխման համար տրանսպորտային միջոցներ տրամադրելու եղանակով նպաստելու համար։

Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ 2021 թվականի մարտից մինչև հունիսը Ելենա Թ․-ն նպաստել է իր, Օլգա Մ․-ի, Ասպրամ Մ․-ի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց պոռնկությամբ զբաղվելուն, օժանդակել է Սարգիս Ս․-ին։ Նշվում է, որ նա ժամանակ առ ժամանակ տրամադրել է տեղեկություններ Օլգա Մ․-ի գտնվելու վայրի, սեռական բնույթի ծառայություններ մատուցելու և դրա արդյունքում գումար աշխատելու վերաբերյալ, ինչպես նաև երբեմն անձամբ այդ գումարները վերցրել է Օլգա Մ․-ից և փոխանցել Սարգիս Ս․-ին։

Գործը մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Նշենք, որ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Սարգիս Ս․-ին և Գոռ Հ․-ին, վերջիններս կանալավորվել են։ Ելենա Թ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Դատական նիստ դեռ չի նշանակվել։

Իրավաբան.net

Please enter a valid URL