Search
Close this search box.

Խեր լինի․․․ Երգիչ Ազատ Աբրահամյանը նեռի նշանով ռեփերի Հայաստան գալու հետ կապված աղմուկի մասին

«Ֆեյսբուքը ինչ-որ «ռեփ-կատարողի» հարց է քննարկում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է երգիչ-երգահան Ազատ Աբրահամյանը, ապա շարունակում․

Խոսվում է էն մասին,որ վերջինիս կատարումներն ուղեկցվում են հայհոյախառն արտահայտություններով,որ պատերազմի ժամանակ,հայերս նույնիսկ ծաղրանքների ենք արժանացել նրա կողմից,որ նման կատարումներով անթույլատրելի է թունավորել հայ երիտասարդությանը,և այլն:

Շատ կցանկանայի հավատալ,որ չնայած տասնամյակների խուլ ու համր անտարբերությանը,այնուամենայնիվ,մեր տեսողական ու զգացական տրամաբանություններն արթնանալ են սկսել,բայց …

90- ականներին,երբ շատերս մշակութային արժեքներից էինք խոսում,ավանդույթներից ու արմատներից
( իշխանություններին դեռ մի կողմ թողնենք ),ի՞նչ էր նախընտրում՝ հայ հանդիսատեսը:
Հայ հանդիսատեսն ի՞նչ էր փոխանցում իր զավակներին.

— Դխկլա-դմբլային, կլկլոցամուղամ — ային,միտք ու ասելիքից զուրկ՝ խորովածա-քաբաբային ու ստամոքսահաճո ինչ-որ
«արտադրանք», անունը՝ «շոու-բիզնես»:

Պետական մակարդակներով՝ «մշակութային նոր աստղեր ՛՛ ձևավորեցինք, հետո բոլորս նրանց՝ «արվեստագետներ ու մտավորականներ» կոչեցինք, վաստակավորների կոչումներ շնորհեցինք, աշխարհով մեկ շրջագայությունների ուղարկեցինք, որ գնան՝ «հայկականություն» սերմանեն, որ սփյուռքն իր հայ-մշակույթը պահպանի, սերունդները հայեցի դաստիարակվեն, հայի տեսակն էլ էդ «մշակույթով» ամրանա.

— Էս՝ մենք,հայ հանդիսատեսներս չէի՞նք…

Ճաշակ,որակ ձևավորող քանի՞ հայ ստեղծագործողի մենահամերգ եք հիշում,որ նույն ջանասիրությամբ ու բազմահազարանոց հաճախելիություններով հանդիսատեսներ են ունեցել…

Էսօր,ասում ենք՝ պարտվեցինք…
Ես էլ կասեմ՝ պարտվեցինք, որովհետև պակասեց մեր ներսի արժեքայինը,ոգեղենիկը, ավանդույթայինը:
Պարտվեցինք, որովհետև նույնի՜սկ նրանց ուրացանք,որոնց շնորհներով ու ձեռքբերումներով ենք աշխարհին նաև ճանաչելի:
Պարտվեցինք,որովհետև դեռևս մեր կողքին ապրող իրական
«աստղերին» դավաճանեցինք՝ մեր անտարբերությամբ,մեր նյութապաշտություններով, մեր երախտամոռությամբ.

Մհեր Մկրտչյան,Խորեն Աբրահամյան,Համո Սահյան,Վլադիմիր Աբաջյան, Կարպ Խաչվանքյան…

«Շարլ Ազնավուր» անունն աշխարհով մեկ հպարտությամբ ենք արտաբերում.

— Պատվու՞մ ենք էսօր,հիշու՞մ ենք, փոխանցու՞մ ենք գալիք սերունդներին…

Թե՞ Ազնավուրը մերն էր,երբ մեզ աշխարհի հարգանքն ու ուշադրությունն էր հարկավոր, որ դեռ մի բան էլ գլուխ գովենք ու թիթիզանանք:
Պարտվեցինք,որովհետև պարտվեցինք օտարամոլությանը…
Անգրագիտությունը թաքցնելու միջոցներ գտանք,դարձանք սոց. ցանցային խմբավորումներ,անգլերեն տառերով հայերեն «խոսեցինք» , չարախոսեցինք ու չարացանք, զոռբայացանք ու ինքնաներշնչվեցինք, թե՝ մե՜նք,մե՜նք.

Մենք՝ առաջնորդներ ե՜նք,մենք՝ աշխարհը ճանաչողնե՜ր, աշխարհաքաղաքագետնե՜ր, գեներալներ ու մարշալնե՜ր, արվեստաբաններ ու արվեստագետնե՜ր…

Հետն էլ կլկլացրինք ու դխկլը-դմբալացրի՜նք, թե մեզ՝ հայ են ասում…

— Պարտվեց՝ մեր ներսի հայկականության պակասը,հարգելիներ:

Էն հայկականության,որ մեզ պիտի ամրացներ,կրթեր-դաստիարակեր, ձուլեր էս հողուջրին:
Իսկ մենք՝ օտարացանք,լքեցինք ու հեռացանք, չարացանք ու թշնամացանք, նյութականացվեցինք ու ագահացանք…
Քանդեցինք բոլո՜ր միաբանող ու միավորող ավանդույթերն ու սկզբունքները:
Վերածվեցինք՝

«Եղունգ ունես,գլուխդ քորիր» ,
«Որտեղ հաց, էնտեղ կաց»,
«Առաջինը՝ քո ծառը ջրիր »․․․

Ու նման ասույթների խելքուխրատները՝ յուրաքանչյուրն ըստ իր սեփական հարմարավետությունների ընկալող հանրության:

Արդյունքում,էսօր էնքա՜ն բարձրակարգ ստեղծագործողներ են հայտնվել պարտադրված անգործության մեջ, մինչդեռ հայ հանդիսատեսը որքա՞նն ունի նրանց կարիքը, իշխանություններն արդյո՞ք կարևորում են նմաններին …

Ինչ-որ «ռեփ-կատարողի» ժամանմամբ,ինչ-որ բաներ են վերակենդանացել.

— Խեր լինի…

Ազատ Աբրահամյան

Հ/Գ․ Հիշեցնենք, որ ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգենշտերն անունով, Ռուսաստանում գործող ռեփեր է, ով անցյալ տարվա նոյեմբեր ամսին ՌԴ ներքին անվտանգության կողմից վտարվեց երկրից և այս պահին գտնվում է Դուբայում: Վերջինս հայտնի է դեռահասների և երիտասարդների շրջանում անբարոյականության, թմրամոլության և հակաքրիստոնեական քարոզներով: Բացահայտ սատանիստ է և չի թաքցնում իր հակակրանքը քրիստոնեական արժեքների նկատմամբ: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին:

Please enter a valid URL