ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը, որում մասնավորապես անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններին, այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշելով, որ դեպի կայուն ապագա տանող ճանապարհը բանակցություններն են՝ նախագահն ասել է. «Հույս ունեմ, որ այս անգամ Հայաստանը և Ադրբեջանը փոխզիջումների միջոցով կկարողանան կայուն խաղաղություն հաստատել: Սակայն դա հեշտ չի լինի»:
Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ նախագահ Սարգսյանը նշել է, որ պրագմատիզմն ու կայունությունը ենթադրում են հարևանների հետ նորմալ հարաբերություններ, և չկա ուրիշ ճանապարհ՝ բացի երկխոսելը: Միևնույն ժամանակ, նախագահի խոսքով, հնարավոր չէ անտեսել պատմական իրողությունները, առաջ շարժվել առանց Սփյուռքի աջակցությունն ունենալու, որը մեծապես ձևավորվել է ցեղասպանության հետևանքով: Հայաստանը փոքր երկիր է, բայց հայերն աշխարհասփյուռ ազգ են: «Հույս ունեմ, որ մի օր հայերն ու թուրքերը հաջողություններ կունենան այս հարցում, սակայն դա անելու համար չենք կարող անտեսել պատմական իրողությունները: Հաջողելու համար մենք պետք է պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև տարածաշրջանում կայուն ու հաստատուն հարաբերություններ կառուցել»,- նշել է նախագահ Սարգսյանը: