Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ԱԳՆ-ից:
Հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնեցին, որ համապատասխան ընթացակարգով քննարկվում է միջոցառմանը նախարարի մասնակցության նպատակահարմարությունը։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր հայտարարել Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին:
«Այս տարի մարտի 11-ից 13-ը 2-րդ անգամ անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին Լատինական Ամերիկայից ավելի լայն մասնակցություն ենք ակնկալում: Այս պահին լատինական 6 երկրի ԱԳ նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը: Աշխարհի բոլոր երկրներից բոլորին հրավիրում ենք: Ուզում ենք, որ բոլորի ձայնը այս հարթակում լսելի լինի: Այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ: Հրավիրել ենք նաև մեր հարևան երկրներին՝ Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին, Եգիպտոսին», — հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: