Search
Close this search box.

«Անպիտան հրթիռների» գործով դատական նիստը դռնփակ մեկնարկեց

Չնայած «անպիտան հրթիռներն» անունն ստացած գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու մյուս մեղադրյալների պահանջին, դատարանն այսօր որոշեց գործի առաջին նիստը դռնփակ անցկացնել` Գլխավոր դատախազության միջնորդությամբ: Այս մասին լրագրողներին հայտնեցին պաշտպանները:

Հիշեցնենք, գործով մեղադրյալ են նաև Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, բանակին զինամթերք մատակարարած «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ: Առայժմ հայտնի չէ` դատական նիստը մեկնարկել է, թե ոչ, ու արդյոք ներկա են ԳՇ պետը, նախկին նախարարը:

Մինչ նիստերի դահլիճ մտնելը ճեպազրույցի ընթացքում Դավիթ Գալստյանի պաշտպանները պնդեցին` ԱԱԾ հայտարարությունները հրթիռների անպիտան ու ժամկետանց լինելու մասին կեղծ են, դա հիմնավորում են, որ հրթիռները փորձաքննության չեն ենթարկվել, անգամ չեն կրակվել:

«Գործում հստակ տեղեկություններ կան, այդ տեղեկությունը մեր կողմից չի տրամադրվել ընդ որում, հենց նախաքննության մարմինն է վերցրել, որ այս հրթիռները 30 տարվա վաղեմության ժամկետ ունեն, սրանք 91 թվականի արտադրության հրթիռներ են: 30 տարին լրանում է 2021 թվականին: Գործարքը տեղի է ունեցել 18 թվականին, դատողությունները թողնում եմ ձեզ», — ասեց փաստաբաններից Արմեն Հարությունյանը` շարունակելով. «Խնդիրը հետևյալն է. գործում կա նաև տեղեկություն, որ 20 տարի է, և նախաքննության մարմինն ասում է` ես հիմք եմ ընդունում 20 տարի, բայց հիմք չեմ ընդունում 30 տարի, բայց մենք երբ ասում ենք` չէ՞ որայդ նույն տվյալը կա, այսինքն` հրթիռները 30 տարի են, և ունեք տվյալ, որ 20, ընդ որում 20 տարվանն 90-ական թվականների որոշումներին է վերաբերում, իսկ 30 տարին` 13 թվականի»:

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարարը ևս չի ընդունում, թե հրթիռներն անպիտան են եղել։ Ավելի վաղ հայտարարել էր, որ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չհաստատվեց հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով:

Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում մեկ անգամ պաշտոնանկ արված, ապա կրկին Գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանը դեռևս ձեռնպահ է մնում քրեական գործի վերաբերյալ մեկնաբանություններից: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար, որը ծանր նյութական հետևանքներ է առաջացրել։

Դավթյանը, չնայած քրեական հետապնդմանը, շարունակում է պաշտոնավարել, մինչդեռ նրա արդեն նախկին տեղակալը քանի ամիս է՝ կալանավայրում է։

Գլխավոր դատախազությունից օրերես հայտնեցին՝ նախաքննությամբ պարզվել է, թե Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները բանակին զինամթերք մատակարարած ընկերության սեփականատիրոջ՝ Դավիթ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ 2018 թվականին ընկերությունից ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք։ Դա, ըստ գերատեսչության, արվել է Պաշտպանության նախարարության հանդեպ Դավիթ Գալստյանի ընկերության ունեցած ֆինանսական պարտավորությունը մարելու նպատակով։

Ազգային անվտանգության ծառայությանն ավելի վաղ հայտարարել էր, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Please enter a valid URL