Հայկական կողմը սահմաններում դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկների փաթեթ է մշակել ու ներկայացրել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջոցով` ադրբեջանականին։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` հաստատելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` հունվարի 14-ին ասուլիսում արած հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմից մի շարք առաջարկներ է ստացել։
«Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները, մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են ՀՀ վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշման ու հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից»,– ասաց Միրզոյանը` հավելելով, որ հայեցակարգի մասին հայտարարվել է նաև Անվտանգության խորհրդի վերջին նիստում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինծառայողները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրանք գտնվում են Սյունիքի Սև լճի շրջանում՝ փորձելով ամրապնդվել այնտեղ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում։
Մայիսի վերջին Փաշինյանն ադրբեջանական կողմին առաջարկել էր զորքերի հայելային հետ քաշում իրականացնել և այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել՝ սահմանների հետագա հստակեցման նպատակով: