Մինչ Բելառուս են ժամանում ռուս զինվորականները՝ Ուկրաինայի սահմանին ռուս-բելառուսական համատեղ զորվարժություններին մասնակցելու համար, արևմտյան մամուլը գրում է, որ ռուս դիվանագետները տարհանվել են Ուկրաինայի տարածքից։
Ռուսական երկու հյուպատոսություններում դիվանագետներին հրահանգվել է պատրաստվել Ուկրաինայի տարածքից դուրս գալուն, գրում է The New York Times թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակցին։
Պարբերականի զրուցակիցը պնդում է, թե 18 մարդ, հիմնականում ռուս դիվանագետների կանայք և երեխաներ, լքել են Ուկրաինան հունվարի 5-ին: Եվս մոտ 30 մարդ Կիևում Ռուսաստանի դեսպանատնից և Լվովում Ռուսաստանի հյուպատոսությունից մեկնել է հաջորդ օրերին։
Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Վաշինգտոնը տեղյակ էր նախապատրաստվող տարհանման մասին: «Մենք տեղեկատվություն ունենք․ Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում էր նրանց ընտանիքների անդամներին տարհանել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատնից դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին», — ասված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի դեսպանատան դիվանագետների կրճատումը կարող է «մասամբ քարոզչություն լինել, մասամբ՝ վերահաս հակամարտության նախապատրաստություն կամ մասամբ՝ հնարք, կամ էլ միանգամից երեք սցենար», — գրում է թերթը՝ վկայակոչելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին:
Ընդ որում, Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժման մասին որոշում այդուամենայնիվ դեռ չի կայացրել։
Ռուսաստանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով դիվանագետներին Ուկրաինայից տարհանելու մասին տեղեկությունը, պնդել է, թե Կիևում Ռուսաստանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով։
Ռուսական հրամանատարությունը 2021 թվականի գարնանը սկսել է ռազմական ուժեր և տեխնիկա տեղափոխել Ուկրաինայի հետ սահման։ Conflict Intelligence Team-ի հետազոտողները մարտին գրեցին, որ ռուսական բանակը տեղակայում է հրետանի և տանկեր, մոտոհրաձգային և օդադեսանտային ստորաբաժանումներ: Ռուսաստանի Վորոնեժի մարզում, որը սահմանակից է Ուկրաինային, գարնանը նույնիսկ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր են նկատել։
Հունվարին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինային սահմանակից շրջաններ՝ Վորոնեժի, Բելգորոդի, Բրյանսկի և Սմոլենսկի մարզերում ուսումնավարժությունների անցկացման մասին։ Մոսկվան պնդում է, որ ռազմական ուժերը Ուկրաինայի հետ սահմանից հետ չի քաշի, սակայն որևէ հարձակում Ուկրաինայի դեմ չի ծրագրում։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է ռուսական տնտեսության համար կործանարար հետևանքների մասին Ուկրաինայի դեմ հարձակում սկսելու դեպքում։