Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Պուտինին և Զելենսկուն արված առաջարկի վերաբերյալ հարցին: Պաշտոնական Կրեմլը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղարը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հիմնական տարաձայնությունները կապված են ուկրաինական կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման ձգձգման հետ։
«Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և մղել նրանց նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ապա դա կարելի է միայն ողջունել»,- հավելել է Պեսկովը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Փաստորեն, նա երկուսին էլ հրավիրել է Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել և հարթել խնդիրներն ու տարաձայնությունները»,-ասել է նա: