Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խանդի շարժառիթով, 28-ամյա Խոսրով Դ-ն 2019 թվականի մայիսին ծեծի է ենթարկել կնոջը՝ Կ․Ղ-ին։ Տղամարդը ձեռքերով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին և մեջքին։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ այդ արարքը Խոսրով Դ․-ն կատարել է պարբերաբար։ 2020 թվականի հուլիսի 23-ին նա ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածել է կնոջ գլխին, մեջքին և ձեռքերին, այնուհետև մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ մկրատով հարվածել է նրա ձախ ոտքին։ Նշվում է, որ աջ բազկի, ձախ ծնկահոդի շրջանների սպիներ կան։
Խոսրով Դ-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ (ծեծ) և 117-րդ հոդվածներով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը)։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, 2021 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել, քանի որ տուժողը հաշտվել է ամուսնու հետ։