Դժվար է խոսել մի մարդու մասին, որն այդքան շատ կա բոլորիս կյանքում։ Երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ նստած ենք դեմ դիմաց, ձայնագրիչս միացրել եմ, բայց չեմ կարողանում հարցեր տալ։ Մեր հայացքները հառել են սուրճի բաժակներին ու երկուսս էլ մտքով Հայկոյի հետ ենք։ Հասկանում էի, որ այս հարցազրույցը դուրս է ավանդական հարց ու պատասխանից։ Հուզմունքը խեղդում է երկուսիս, բայց պետք է զրույցը սկսեինք ինչ-որ կետից։ Զրույցն ինքնաբերաբար սկսեցինք Հայկոյի մենահամերգից, որը տեղի ունեցավ 2017-ին, երբ նա երկրորդ կյանք վերադարձավ։ Հիշեցինք՝ ինչպես բեմ բարձրացավ ու ասաց, որ արդեն մեծացել է ու էլ չի ասելու՝ «Չեմ տեսնում ձեր ձեռքերը»: Այստեղ մի պահ դադար տվեցինք ու սկսեցինք հիշել 90-ականների Հայկոյին:
Վայր, որը սկիզբ դրեց ընկերության
Այնքան դժվար է խոսել… Երգի պետական թատրոնում մրցույթ էր ընթանում, ու ես ժյուրիի կազմում էի։ Տեւական ժամանակ երկրից բացակայել էի ու նոր անուններից տեղյակ չէի։ Արթուր Գրիգորյանը Հայկոյի մասին պատմել էր։ Հայկոն ներկայացրեց զուգերգ Տիգրան Պետրոսյանի հետ։ Երգը կոչվում էր «Երգ»։ Առաջին նոտաներից հասկացա, որ իմ դիմաց տաղանդավոր մարդ է։ Հիմա չեմ կարողանում հիշել, թե ինչպես ստացվեց մեր մտերմությունը, բայց առաջին վայրկյանից Հայկոն դիպավ սրտիս։ Սիրել եմ շատ ու մինչեւ հիմա. իրեն անհնար էր չսիրել։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հաշտվել։ 2021-ին Թութուշի (Վարդուհի Վարդանյան) մահվան 15 տարին էր, ու չենք հաշտվել նրա կորստի հետ. անհնար է։ Մենք ուղղակի փրկություններ ենք գտնում։ Իր տղայով եմ ուրախանում, ապագա թոռնիկով, օրուգիշեր սպասումների մեջ եմ։ Բայց իր տեղը բաց է։ Հիմա նույնը Հայկոյի դեպքում է: Ավետը մի բան ասաց.«Հայկոն մեզ հետ լրիվ Թութուշ արեց»։ Այն աստիճանի հավատով էինք լցվել, հատկապես վերջին երկու օրը. մի քիչ հույս տվեցին, որ վիճակը կայունացել է․․․ Բայց եղավ այն, որի հետ ոչ մի կերպ չեմ հաշտվում։
Լուսանկարը՝ Սյուզան Մարգարյանի արխիվից
Ինձ համար զավակի պես էր։ Չնայած տարիքային տարբերությանը, նաեւ լավ ընկեր էր։ Ամեն ինչի մասին կարող էինք խոսել ու կիսվել։ Ես ապրում էի իր հաջողություններով, տխրում էի, որ իր կյանքում մի բան այն չէր լինում։ Նրա լուսավոր ժպիտն ամեն ինչ արժեր։ Հատկապես շատ համով ժպիտ ուներ, երբ մի թեթեւ բանի պատճառով բռնկվում էր, մի տեսակ կարմրում էր ու, աչքերը կախելով, սկսում էր ժպտալ։ Ասում էինք. «Հա՜, Հայկո, ամեն ինչ պարզ է»։
Ոչ մեկին չնեղացնող Հայկոն
Բոլորը գիտեն, որ Հայկոն «չէ» ասել չգիտեր. ոչ մեկին չէր ուզում մերժել։ Կարող է շատ գործեր վերցներ, որ պետք է գործիքավորեր, բայց հասկանալի էր՝ ֆիզիկապես չէր հասցնի, հաճախ չէր էլ հասցնում, բայց ոչ ոքի չէր ուզում նեղացնել։ Քանի անգամ եղել է, որ զանգահարել են, մենք միասին ենք եղել, ասել է.«Վա՜յ, չեմ հասցրել գործիքավորել, հեռախոսը չեմ վերցնի»։ Ասում էի.«Հայկո, ուրեմն՝ երբ մեր զանգերին էլ չես պատասխանում, նո՞ւյնն ես ասում»: Պատասխանում էր.«Չէ՜, այ քուրս, ցավդ տանեմ, չի կարող նման բան լինել»։ Վատ տարիներից հետո, երբ երգարվեստը սկսեց ձեւավորվել, պետք է տեսնեիք իր ոգեւորությունը։ Նա այդ տարիներին գործիքավորումներ էր անում, ու ամեն անգամ լսելով՝ ապշում էի նրա զգացողության վրա։
Մեծ ներաշխարհ, ստեղծագործելու անսահման տաղանդ ուներ: Գիտեր հնչյունների կարեւորությունը, ինչպես օգտագործել։ Ունեցել ենք հրաշալի հյուրախաղեր. չեմ կարող նկարագրել՝ ինչքան էինք ծիծաղում, մի խենթանալի հումոր էր ամենուր։ Ախր շատ բաներ կան պատմելու, բայց բարձրաձայն ասելու չէ։ Միայն կարող եմ նշել՝ թոքերը ցավելու աստիճան ծիծաղում էինք։ Պահանջկոտ ու պարտադրող ընկեր չէր, նուրբ հոգի ուներ։
«Խելոք ապրեք, հերթականություն կա»
Իր ամենահայտնի դիմելաձեւը՝ «մեռնեմ ջանիդ, ցավդ տանեմ»։ Այդ քաղցր լեզուն․․. Ինքն էությամբ կարգին հայ տղա էր, կռվի մեջ առաջինը կմտներ՝ «Ո՞նց թե քրոջս նեղացնեն, ո՞նց թե ինչ-որ մեկին նեղացնեն»։ Դե, գաղտնիք չեմ ասի, որ շրջապատի առավել եւս՝ աղջիկների սիրելին էր: Արդեն հայացքից ու վարքագծից հասկանում էինք, որ սիրահարվել է։ Միշտ սիրում էր դասական հագնվել, բայց ներքուստ մի այլ ջիգյարով հայ տղա էր։ Այդ կոնտրաստն ինքն էր ստեղծել։ Բոլորի հետ կարողանում էր իրենց լեզվով խոսել, բայց արդյո՞ք գտնում էր այն մարդկանց, ովքեր իր լեզվով կխոսեին։ Ամենաշատը ներկայությունն ու չներեկայությունն եմ կարոտում. վերջին շրջանում քիչ էինք հանդիպում…
Bravo.am