Ֆրանսիայի նախագահի աջակողմյան Հանրապետական կուսակցությունից թեկնածու Վալերի Պեկրեսին վրդովեցրել է երկրի իշխանությունների արձագանքը Լեռնային Ղարաբաղ մեկնելու վերաբերյալ Իլհամ Ալիևի հայտարարություններից հետո։ Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում Իլ դե Ֆրանս շրջանի ղեկավարն ասել է, որ ինքը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին ընդդեմ Ադրբեջանի նախագահի՝ «սպանության սպառնալիքի» պատճառով։
Դեկտեմբերին Վալերի Պեկրեսն այցելել էր Հայաստան։ Այս ուղևորության ընթացքում նա այցելել էր նաև Արցախ։
«Ես գնացի Հայաստան, քանի որ չափազանց մտահոգված եմ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հարցով, և որովհետև շատ կարևոր է պաշտպանել Հայաստանը» — ասել է նա հունվարի 17-ին Europe 1-ի եթերում:
Տեղեկանալով այցի մասին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հանձնել Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Ավելի ուշ՝ հունվարի 12-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Բաքուն իմանար այս այցի մասին, ապա Պեկրեսին «թույլ չէր տա» վերադառնալ Ֆրանսիա։
«Կազմակերպված ճամփորդություն էր, քանի որ Վալերի Պեկրեսը չկարողացավ գնալ ցանկալի ուղեկցությամբ, նրանք գնացին սահմանափակ թվով։ Նրա հետ էին Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը, եվրահանձնակատար Բարնիեն և մեկ պատգամավոր։ Նրանք թաքուն մտել են այնտեղ և վերադարձել։ Այդ մասին հայտնի դարձավ նրանց վերադարձից հետո, քանի որ, հավանաբար, վախենում էին, որ Լաչինի միջանցքում կկանգնեցնենք նրանց։ Որովհետև եթե իմանայինք, որ նրանք այնտեղ են, հաստատ նրանց հետ չէինք թողնի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Վալերի Պեկրեսը Ալիևի խոսքերն անվանել է «ցնցող»․ «Ի՞նչ է դա նշանակում: Որ ինքը կխախտե՞ր մեկ այլ պետության ինքնիշխանությունը»։
Նախագահի թեկնածուն նաև դատապարտել է Ֆրանսիայի իշխանություններին՝ իրեն չաջակցելու համար։ «Նախագահի թեկնածուին չպաշտպանող կառավարության խլացուցիչ լռությունը վրդովեցուցիչ է»,- ավելացրել է Պեկրեսը:
Կիրակի՝ հունվարի 16-ին, աջակողմյան Հանրապետական կուսակցության նշանավոր ներկայացուցիչները JDD հրապարակման մեջ հրապարակեցին նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց կոչը։ Դրանում նրանք վրդովմունք են հայտնել Իլհամ Ալիևի խոսքերի վերաբերյալ՝ դրանք անվանելով «ատելության կոչ ֆրանսիացի քաղաքական գործչի դեմ», ինչպես նաև «քողարկված սպառնալիք մեր ազգի, մեր կառավարության և նրա ներկայացուցիչների դեմ»։
«Խնդրում ենք Ձեզ՝ պահանջել պաշտոնական ներողություն Ադրբեջանի Հանրապետությունից, ինչպես նաև նրանց բացակայության դեպքում հնարավորինս շուտ դիտարկել մեր դեսպանին հետ կանչելու հնարավորությունը։ Սրանից է կախված Ֆրանսիայի պատիվը»,- ասվում է կոչում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ չի արձագանքել Հանրապետականների կոչին։ Ազգային ժողովի «Առաջ հանրապետություն» խմբակցության ղեկավար Քրիստոֆ Կաստաները երկուշաբթի BFMTV/RMC-ին ասել է, որ պետության ղեկավարը «պարբերաբար արձագանքում է իրավիճակներին, երբ խոսքը վերաբերում է քաղաքական գործիչներին ուղղված սպառնալիքներին»: