Թուրքիայի հետ բանակցությունների համար Հայաստանի օրակարգը չի փոխվել, այն շարունակում է լինել առանց նախապայմանների սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանի սահմանները լարված են, և մենք խաղաղ պայմաններում հազարավոր զոհեր ենք ունեցել թե պատերազմի ընթացքում, թե խաղաղ պայմաններում: Կարծում եմ՝ այն խաղաղության օրակարգը, որ մենք հիմա առաջ ենք տանում և մեր ժողովրդից դրա համար քվե ենք ստացել, հենց միտված է նրան, որ կարողանանք մեր սահմանների և Հայաստանի անվտանգությունն օր առաջ ապահովել, որպեսզի այլևս խաղաղ պայմաններում զինվորներ չզոհվեն, որպեսզի այլևս Հայաստանը պատերազմների մեջ չհայտնվի»,-ասաց Արշակյանը:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը՝ նա նշեց, որ դա ընդամենը նրանց առաջին հանդիպումն էր, և նորմալ է, որ շատ տեղեկատվություն չկա:
«Առաջին հանդիպումն է տեղի ունեցել, մարդիկ ծանոթացել են, մեր կողմն իր օրակարգն է առաջ բերել, թե մենք ինչով ենք հետաքրքրված, թուրքական կողմն իր օրակարգն է բերել, տեղի է ունեցել քննարկում: Այդ քննարկումից հետո կողմերը գնացել են իրենց մայրաքաղաքներ՝ ճշգրտելու, քննարկելու այդ օրակարգային հարցերը»,-ասաց Արշակյանը:
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ինչո՞վ է հետաքրքրված, նա ասաց՝ առանց նախապայմանների սահմանների բացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ:
«Մեր օրակարգը չի փոխվել: Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունները հայտարարել են, որ թուրքերի հետ խոսելու մեր օրակարգը հետևյալն է՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները պետք է բացվեն և հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Հարցին, թե ի՞նչ վստահություն կա, որ Թուրքիան առաջ չի քաշի նախապայմաններ՝ Արշակյանն ասաց, որ նման ռիսկ կա: Արշակյանը հիշեցրեց, որ ՌԴ-ի միջնորդությամբ են տեղի ունենում այդ հանդիպումները, բանակցությունները, ՌԴ ԱԳ նախարարությունը նույնպես դրական է արձագանքում: «Հույս ունեմ, որ նաև միջազգային գործընկերների օգնությամբ մենք կկարողանանք սահմաններ բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը լուծել: Եվ դա բխում է ՀՀ շահերից»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը: