Այսօր ՀՀ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրք բանագնացների՝ օրերս կայացած հանդիպմանը, ասաց՝ մամուլից տեղեկացել է, որ այն եղել է կառուցողական: Առավել մանրամասն տեղեկություններ հանդիպման վերաբերյալ չգիտի:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ պատրաստվո՞ւմ են հաշտվել այն մարդկանց հետ, որոնք հայերին սպանել են, Սուքիասյանն արձագանքեց. «Ձեզ էլ են սպանել, մնացածին էլ են սպանել, հրեաների ցեղասպանություն է եղել, բայց նրանք այսօր Գերմանիայում հաշտ ապրում են։ Այն գործընթացները, հայտարարությունները և իրողությունները, որոնք կարող են տարածաշրջանում և միջազգային հարթակներում լինել, շատ ժամանակ մեզնից կախված չեն լինում: Դրա համար մենք պետք է խելացի լինենք, ամեն ինչի մեջ ինքներս չգնանք, չմասնակցենք, դա մեր գործը չէ։ Մեր գործը մեր հարևանների հետ ուղղակի հարաբերությունները հստակեցնելն է։ Կարծում եմ, որ մեր հարևան Ադրբեջանի հետ հնարավոր է՝ ունենանք հարևանական հարաբերություններ»։
Պատգամավորի խոսքով՝ աշխարհի շատ երկրներ, որոնք հարևաններ են, մեկը մյուսի համախառն ներքին արդյունքի մեջ բավականին մեծ ծավալ են ունենում։
«Օրինակ՝ Ֆրանսիա-Գերմանիա, Ֆրանսիա-Անգլիա, Գերմանիա-Հոլանդիա։ Եթե ստացվի այնպես, որ մեր հարևանների հետ ունենանք ՀՆԱ-ի բարձր տոկոս, դրանք շատ լավ զսպող գործիքներ են՝ հարաբերությունները լավացնելու, որովհետև հարաբերությունները վատացնելու դեպքում իրենց պետությունն էլ է տուժելու»,- նկատեց Սուքիասյանը։
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ նա ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ այն նույն Ադրբեջանի հետ, որ մի քանի օր առաջ երեք 18 տարեկան զինծառայողների սպանեց, Սուքիասյանը նկատեց. «Այո, այն նույն Ադրբեջանի հետ, ում հետ թշնամիներ ենք։ Այդ թշնամությունը չենք տեղափոխելու սերնդեսերունդ՝ մեր զավակներին։ Մենք պետք է կարգավորենք»։