Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել, հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանները բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և անցնի անվտանգ վայր: Ի վերջո, նրանց հաջողվել է համոզել քաղաքացուն հետ բերել վտանգավոր եզրագծից:
Նրան ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին: Կայքի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, որը ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: